Կարևոր իրադարձություններ

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին

20 Նոյեմբեր, 2019 19:34
Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին

Հանրային խորհրդի նախագահի հրաժարականը, իհարկե, լայնորեն քննարկվեց հասարակության տարբեր շերտերում, բայց քննարկումները հիմնականում կապված էին Վազգեն Մանուկյանի անձի հետ, իսկ ահա Հանրային խորհրդի իրական դերակատարման վերաբերյալ քննարկումներ առանձնապես չեղան: Մինչդեռ ցանկացած ժողովրդավարական երկրում նման կառույցը կարեւոր դերակատարում ունի, ընդ որում, որքան ավելի ժողովրդավարական է երկիրը, այնքան ավելի կարեւոր է այդ դերակատարումը:

Պատճառը հասկանալի է: Հանրային խորհուրդը, մեծ հաշվով, պիտի լինի նշանակովի խորհրդարան, որում պիտի ներգրավված լինեն տարբեր ոլորտների ամենաերեւելի ու հեղինակավոր անհատները, այդ կառույցը որեւէ քաղաքական նախապատվություն չպիտի ունենա, եւ ցանկացած հարցի վերաբերյալ այդ կառույցի կարծիքը պիտի էական նշանակություն ունենա իշխանությունների համար այս կամ այն որոշումն ընդունելիս:

Իսկ ինչո՞ւ այդ դերը չի կարող ստանձնել Ազգային ժողովը: Որովհետեւ Ազգային ժողովը քաղաքական մարմին է եւ ձեւավորվում է ընտրությունների միջոցով, այսինքն՝ քաղաքական ուժերն ու անհատ թեկնածուներն անպայմանորեն իրենց ընտրողներին դուր գալու խնդիր ունեն, հաշվետու են նրանց առաջ ու ամեն օր պիտի մտածեն հաջորդ ընտրությունների մասին, իսկ դա որոշակիորեն կաշկանդում է նրանց գործունեությունը:

Պարզ ասած՝ ընտրություններում հաղթելու եւ պատգամավորական մանդատի տիրանալու համար անհրաժեշտ են ընդամենը հռետորական տաղանդ եւ ֆինանսական միջոցներ, մինչդեռ հանրության մեջ կան անառարկելի հեղինակություններ, որոնք ո՛չ քաղաքական գործիչներին հատուկ որակներ ունեն, ո՛չ նյութական մեծ միջոցներ, ո՛չ էլ քաղաքական գործընթացների մեջ մտնելու «զահլա», բայց, վստահաբար, իրենց գիտելիքներով եւ հեղինակությամբ կարող են հսկայական օգուտ տալ պետությանը: Առանց քաղաքական հավակնությունների եւ առանց վախենալու, որ եթե «ժողովրդահաճո» ելույթներ չունենան, հաջորդ անգամ չեն ընտրվի: Այդ պայմանական «իմաստունների խորհուրդը» կամ «ծերակույտը» պիտի քննարկի հանրային մեծ հնչողություն ստացած ցանկացած հարց եւ ներկայացնի իր «վերդիկտը»՝ այնպես, որ հանրության մեջ կասկածներ չմնան, իշխանությունների համար էլ չափազանց դժվար լինի այդ կարծիքը հաշվի չառնող որոշում ընդունելը: Ակնհայտ է, որ նման կառույցի գոյությունը միայն օգուտ կբերի պետությանը:

Արդյո՞ք այդպիսին էր Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը կամ արդյո՞ք այդպիսին է հիմա՝ նրա հրաժարականից հետո: Իհարկե ոչ: Այդ կառույցն ի սկզբանե ձեւական էր եւ բոլորովին այլ նպատակներով ու տրամաբանությամբ էր ստեղծվել: Ավելին՝ այդ կառույցի անդամներն ակնհայտորեն քաղաքական շահեր էին հետապնդում ու, ըստ էության, քաղաքական գործունեություն էին ծավալում: Բայց կա նաեւ հաջորդ հարցը: Կցանկանա՞ն արդյոք գործադիր իշխանությունն ու դրա ղեկավարը խորհրդարանից բացի, որտեղ յուրայինները մեծամասնություն են ու գրեթե երաշխավորված ձեւով հավանություն կտան իրենց ցանկացած նախաձեռնության, ունենալ նաեւ հասարակության մեջ անառարկելի հեղինակություն ունեցող անձանցից կազմված «ծերակույտ», որը կլինի միանգամայն ինքնուրույն, բացարձակապես կախված չի լինի քաղաքական իշխանություններից ու չի խորշի գործադիր իշխանությունների երեսին ասել ճշմարտություններ, որոնք տհաճ կլինեն ոչ միայն իշխանությունների, այլեւ, հնարավոր է, հասարակության մեծամասնության համար: Արդյո՞ք իշխանությունները կցանկանան իրենց ձեռքով իրենց գլխին «խորհրդատուներ» կարգել՝ առանց նրանց վրա ազդեցության լծակների եւ իմանալով, որ, ճիշտ է, իրենք են նշանակել, բայց հանելու իրավունք չունեն ու պիտի պատրաստ լինեն նաեւ ոչ ականջահաճո կարծիքներ լսել:

Հայաստանի նախկին իշխանություններն այդ «ռիսկին» չգնացին ու սխալվեցին՝ համարելով, որ եթե խորհրդարանում ոչ մի պրոբլեմ չունեն, ուրեմն հանրության հետ նույնպես պրոբլեմներ չկան: Իսկ Հանրային խորհուրդը չէր գործում: Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին: Անհրաժեշտությունն ակնհայտորեն կա, հնարավորությունը՝ նույնպես:

 

Լրահոս

Դիտել ավելին