Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը

20 Նոյեմբեր, 2019 18:45
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սարգիս Սահակյանի միջնորդությամբ դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով և դատարանը վճռել է Սարգիս Սահակյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ 800 հազ դրամի չափով, սակայն միևնույն ժամանակ դատարանը կիրառել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներումը եւ նրան ազատել պատժի կրումից, այսինքն՝ 800 հազ. դրամ տուգանքը վճարելուց։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դատախազը դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատավճիռը եւ նրա նկատմամբ նաեւ լրացուցիչ պատիժ նշանակել՝ Սարգիս Սահակյանին զրկելով3 տարի ժամկետով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով Արագածոտնի մարզպետարանի և Գրէդշին ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև` հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում՝ էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին