Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Վարչապետը պաշտոնական այց կկատարի Իտալիա

19 Նոյեմբեր, 2019 12:41
Վարչապետը պաշտոնական այց կկատարի Իտալիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն:

Վարչապետի այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը: Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիայի կառավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին: 

Միլանից ՀՀ վարչապետը կմեկնի Հռոմ, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ: Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հռոմում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոի հետ:

Հռոմում նախատեսվում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան վարժարան: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին