Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68.000 դրամ դարձնելու օրինագիծը

19 Նոյեմբեր, 2019 10:59
ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68.000 դրամ դարձնելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:

Խորհրդարանի նոյեմբերի 19-ի նիստում պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի առաջարկած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 100 կողմ ձայներով:

Պատգամավորները սկզբնապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63,000 դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68,000 դրամ: Արդյունքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն առաջարկը քննարկելուց հետո կողմ էր քվեարկել նվազագույն աշխատավարձը 68,000 դարձնելու տարբերակին:

Ամսական նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57,000 պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը: Կարապետյանը վստահեցրել էր՝ ծախսերի ու հարկերի ազդեցության հանրագումարի արդյունքում պետական բյուջեի վրա մաքուր ազդեցությունը 2 մլրդ դրամից չի անցնի:

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 102 կողմ և 1 դեմ ձայներով:

 

Լրահոս

Դիտել ավելին