Կարևոր իրադարձություններ

Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

18 Նոյեմբեր, 2019 15:56
Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր նկատեցի, որ Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան, ամեն ինչ արեք, որ գա ու նախաքննական մարմնին պատասխան տա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ Կոստանյանի ցանկությունը չի երեւում, թե երբ է գալու Հայաստան եւ ներկայանա Հատուկ քննչական ծառայություն.

«Գեւորգ Կոստանյանը չի տնօրինում, ինքը գլխավոր դատախազը չէ, որ որոշի ում կանչեն, ում ոչ, ու հիմա նախաքննական մարմինը եթե իր հետ կապված հարցեր ունի, պետք է գա: Հեչ պետք չէ Էյնշտեյնի աֆորիզմների հետեւում ցույց տա, որ ինքը այնքան կարեւոր է, որ փորձում է իրեն հավասարեցնել Էյնշտեյնի հետ: Ինքն էլ է գիրք կարդում, այլ մարդիկ էլ են գիրք կարդում: Գիրք կարդալու մեջ չէ խնդիրը, խնդիրը նրա մեջ է՝ ամեն մարդ իր պաշտոնավարման ընթացքում պատասխանատվություն կրե՞լ է եւ կրո՞ւմ է իր կատարած քայլերի համար: Հիմա եկել է պատասխան տալու ժամանակը, թող գա եւ պատասխանի նախաքննական մարմնի հարցերին»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հիմա նախաքննական մարմինը ձեռք է բերել ապացույցներ, որոնց պատասխանը պետք է տա նաեւ Կոստանյանը:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա էլ պետք է պետք է վերադառնա այն երկիր, որտեղ եղել է այդ կառույցի համար մեկ պաշտոնյան․

«Օր առաջ Միքայել Հարությունյանը եւ իր ընտանիքի անդամները պետք է գիտակցեն, որ Հարությունյանը եղել է նաեւ մեր ԳՇ պետը, ՊՆ նախարարը, Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումները չեն, որ նրան պիտի մեր երկրի սահմաններից դուրս մղեն: Նա պետք է վերադառնա ու ընդամենը տա բացատրություն, թե հայտնի 0038 գաղտնի հրամանը ոնց է ծնվել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասել էր ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Կոստանյանը հայտնել է, որ գտնվում է արտերկրում եւ կվերադառնա 15-20 օրվա ընթացքում: 

Դրանից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ ՀՔԾ, սակայն այսօր արդեն նոյեմբերի 18-ն է։

Իսկ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել։

 

Լրահոս

Դիտել ավելին