Կարևոր իրադարձություններ

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. «ՀԺ»

18 Նոյեմբեր, 2019 12:34
Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. «ՀԺ»

Նոր Հաճնում ողբերգական դեպքի հետեւանքով մահացած երեխաների հայրն այս երեկո կամ վաղն առավոտյան Հայաստանում կլինի: Այս մասին այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Մենք խոսել ենք Ռոստովի Հայաստանի գլխավոր հյուպատոսի հետ, խնդիրն այն է, որ Ուկրաինայից Ռուսաստան սահմանը հատելիս մեր քաղաքացին խախտել է միգրացիոն ռեժիմի վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը: Դա կապված է Ուկրաինա-Ռուսաստան սահմանահատումների օրենսդրության հետ, և ոչ՝ Հայաստան-Ռուսաստան օրենսդրության: Նա այս փաստով ձերբակալվել է և պահվել օդակայանի հատուկ պահման վայրում: Այսօր արդեն պիտի լիներ դատական ակտը, հստակեցվեր նրա կարգավիճակը: Հաշվի առնելով հայկական կողմի միջնորդությունները (ինձ հայտնի է, որ զանգահարել են մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև Նարեկ Մկրտչյանը, սոցապ փոխնախարարը, դիվանագիտական կորպուսից են զանգել), արագացված դատավարություն պիտի ընթանա, որպեսզի այսօր երեկոյան կամ ամենաուշը վաղն առավոտյան մեր քաղաքացին հնարավորություն ունենա Հայաստան գալ՝ իր հարազատներին վերջին հրաժեշտը տալու»,- նշեց մարզպետը:

Նա հավաստեց, որ հայկական կողմն անընդհատ կապի մեջ է գործընկերների հետ և «որևէ ֆորսմաժորի դեպքում արագ կարձագանքեն»:

Հիշեցնենք, որ չորս երեխաները և իրենց տատիկը մահացել են նոյեմբերի 16-ին Նոր Հաճնի իրենց բնակարանում, շմոլ գազից։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի, 14-ամյա Ժաննա Մ.-ի եւ 12-ամյա Սերինե Մ.-ի դիերը:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ երեխաների մոր մասին տեղեկություններ չունեն համայնքում. «Մայրը կարծես շատ ավելի վաղ էր լքել ընտանիքը, հետո նաև հայրն է գնացել՝ երեխաներին թողնելով ծեր մոր և եղբոր խնամքի տակ: Բնակվելիս են եղել հայրական տանը՝ 77-ամյա տատիկի հետ»:

Երեխաներից երկուսը գիշերօթիկ դպրոցի սաներ էին, որ հանգստյան օրերին վերադառնում էին ընտանիք: «Բայց վերջին փուլում, երբ սկսվել էր գիշերօթիկների լուծարման, երեխաների՝ ընտանիք վերադարձման ծրագիրը, հուլիս-օգոստոս ամիսներին արդեն երեխաները վերջնական վերադարձել էին ընտանիք: Սովորելիս են եղել Նոր Հաճնի թիվ 3 դպրոցում»,- ասաց մարզպետը:

Նա հավաստեց, որ սոցիալական աշխատողները պարբերաբար այցելել են և հոգացել երեխաների կարիքները: «Նրանք հաշվառված են եղել մարզային սոցիալական օգնության, երեխաների և կանանց պաշտպանության ստորաբաժանման կողմից, և իրականացվել են տնայցեր: Ընտանիքը եղել է համայնքի և պետության հոգածության ներքո: Սա դժբախտ պատահար էր, որ եղել է գազի կաթսայի անսարք լինելու պատճառով»,- ասաց Պետրոսյանը:

Հարցին՝ կաթսան եղել է ինքնաշե՞ն՝ մարզպետը պատասխանեց. «Ես ինքս չեմ տեսել, բայց համայնքի ղեկավարի պնդմամբ՝ ինքնաշեն էր:

 

Լրահոս

Դիտել ավելին