Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը

18 Նոյեմբեր, 2019 12:27
Հեղինակ՝ ՀՀ ԱՆ
Մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը

Նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակաբիոտիկներ. Կիրառե'լ պատշաճ» կարգախոսով: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների  պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը: 

Հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերվում է ողջ մարդկությանը և գլոբալ առումով սպառնալիք է հանրային առողջապահության  համար: Կայունությունը զարգանում է, երբ մանրէները փոխվում են այնքան, որ հակաբիոտիկներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վաղուց ահազանգում է, որ հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության խնդիրը պարզապես կանխատեսում չէ, այն դրսևորվում է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում և կարող է բացասաբար ազդել բոլորի վրա՝ անկախ տարիքից, սեռից, բնակության տարածաշրջանից:

Միջազգային տվյալների համաձայն` դեղակայուն վարակիչ հիվանդություններից տարեկան մահանում է 700 000 մարդ և յուրաքանչյուր 90 վայրկյանում մահանում է 1 մարդ: Ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` մասնավորապես որպես կերային հավելում: 

Հայաստանն այս ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: 2015 թվականին կառավարության կողմից հաստատված «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության» շրջանակներում իրականացվել են բազմաթիվ  միջոցառումներ, հետազոտություններ, ստեղծվել է հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստր, մայրաքաղաքի 4 հիվանդանոցում կատարվել են հակամանրէային դեղերի նշանակման օրինաչափությունների ուսումնասիրություններ:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է  հասցնել յուրաքանչյուրին և ամենուրեք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է,  բարձրացնել անհատների իրազեկությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ և ներգրավել առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրի լուծման հարցում և նպաստել մոտեցումների փոփոխմանը, ինչպես նաև փոխանցել այն տեղեկությունը, որ պարզ գործողությունները կարող են բերել մեծ փոփոխությունների: Եվրոպական տարածաշրջանի երկներում իրականացված տնտեսական գնահատման, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նվազեցնում է` թե մահվան դեպքերը, թե ֆինանսական ծախսը: 

ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին պայքարել հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության դեմ` վարակի հսկողության և կանխարգելման պատշաճ միջոցառումների իրականացմամբ,  ձեռքերի պատշաճ հիգիենայի ապահովմամբ, բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ազգային մակարդակներում հակաբիոտիկների պատշաճ կիրառման ռազմավարությունների մշակմամբ և ներդրմամբ: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում  հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման: Արդյունքում, դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով: 

Ուստի, միայն համատեղ և արդյունավետ միջգերատեսչական համագործակցությամբ մենք կարող ենք զսպել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:   

 

Լրահոս

Դիտել ավելին