Կարևոր իրադարձություններ

Այսօր Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

16 Նոյեմբեր, 2019 10:11
Այսօր Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան:

Ռոբերտ Աբաջյանը /Մոնումենտցի Կյաժը/ ծնվել է 1996թ. նոյեմբերի 16-ին Երևանում: 2003 թվականին ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։ Այնուհետև սովորել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում՝ ստանալով ատամնատեխնիկի որակավորում։ 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ և նույն տարում զորակոչվել բանակ:

2016թ. ապրիլի 2-ին դիմագրավել է հակառակորդի մեծաքանակ ուժերին և մարտնչել է մինչև վերջին փամփուշտը: Վաշտի հրամանատարի՝ Արմենակ Ուրֆանյանի զոհվելուց հետո ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։

Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ համառ դիմակայությամբ, նահանջում է դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով` Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ` միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, նա իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ 

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Աբաջյանի՝ «այս դիրքը հանձնողի մերը» արտահայտությունը թևավոր խոսք է դարձել:

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ  N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին