Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

15 Նոյեմբեր, 2019 21:10
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Ողջունելով Դարիգա Նազարբաևայի այցը Հայաստան՝ վարչապետը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնական փոխշփումների ակտիվացումը վկայում են հարաբերությունների բարձր մակարդակի մասին, և Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը, բարձր գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը և երախտագիտություն հայտնել ԼՂ հակամարտության հարցում Ղազախստանի հավասարակշռված դիրքորոշման համար: Խոսելով առևտրատնտեսական կապերի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա է դրանք խորացնելու մեծ ներուժ թե՛ երկկողմ ծրագրերի միջոցով, թե՛ ԵԱՏՄ շրջանակում:

Դարիգա Նազարբաևան նշել է, որ տպավորված է Հայաստան իր առաջին այցով, և Ղազախստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, ինչին նպաստում են նաև միջխորհրդարանական ակտիվ կապերը: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում ՀՀ հաջող նախագահության կապակցությամբ, որի ընթացքում Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել են առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր, որոնք լավ հնարավորություններ են ստեղծում ԵԱՏՄ զարգացման համար: Դ. Նազարբաևայի խոսքով՝ Ղազախստանը հետաքրքրված է երկրի տնտեսությունում Հայաստանից ներդրումների ներգրավմամբ, և երկկողմ գործակցության համար հեռանկարային կարող են լինել արհեստական բանականության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գիտության և մի շարք այլ ոլորտներ:

Նիկոլ Փաշինյանը համակարծիք է եղել Դարիգա Նազարբաևայի հետ, կարևորել փոխադարձ ներդրումների ներգրավումը և հեռանկարային համարել նաև շինարարության ոլորտում համագործակցությունը:

Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունները սերտացնող կարևոր գործոնի դերակատարությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի իշխանություններին՝ տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար: Դարիգա Նազարբաևան նշել է, որ Ղազախստանի հայերը հաջողակ գործարարներ են, նաև ակտիվ ներգրավված են երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

ՀՀ վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի՝ Երևանում հոկտեմբերին կայացած նիստի և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացման վերաբերյալ: Դ. Նազարբաևան գոհունակություն է հայտնել միջազգային հարթակներում երկու երկրների կառուցողական համագործակցության կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ղազախստան երկխոսության բարձր մակարդակը և նշել, որ Հայաստանն ուրախ կլինի մյուս տարի պաշտոնական այցով հյուրընկալել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին