Կարևոր իրադարձություններ

Ցեղասպանության բանաձևը արգելափակած սենատորը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով

15 Նոյեմբեր, 2019 12:18
Ցեղասպանության բանաձևը արգելափակած սենատորը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով

ԱՄՆ-ի Սենատի հանրապետական անդամ Լինսի Գրահամը, ով նախօրեին վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, գրում է Ermenihaber.am—ը։

Գրահամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի ու անվտանգության գոտու խնդիրների մասով ԱՄՆ-ի համար ընդունելի լուծման չհասնելու դեպքում իրենք սենատում քվեարկությամբ կընդունեն այնպիսի պատժամիջոցներ, որոնք ավելի վաղ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում:

Սենատորը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները քվեարկության դնելու դեպքում կողմ կքվեարկի Սենատի 100 անդամից առնվազն 95-ը:

«Reuters» գործակալությունն էլ, հղում անելով Կոնգրեսի իր աղբյուրին, գրել է, որ սենատորներն Էրդողանին բաց տեքստով ասել են, որ ցանկանում են շարունակել Թուրքիայի հետ դաշնակցությունը, սակայն Անկարան չպետք է սպասի, որ Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգերի գնումը կարող է անհետևանք մնալ:

Գրահամը լրագրողներին պատմել է նաև օվալաձև սենյակում Էրդողանի ցուցադրած տեսանյութի մասին, որում պատմվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության»՝ (PKK-ՔԲԿ) Թուրքիայում իրականացված զինված հարձակումների մասին ու փորձ արվում դիտողին համոզել, որ Սիրիայում քրդական ուժերի հրամանատար Մազլում Քոբանին կապված է ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հետ: Ըստ Գրահամի՝ ինքն էլ Էրդողանին ասել է, որ կարող է մի տեսանյութ էլ ինքը ցուցադրել, որը պատմում է, թե թուրք զինվորներն ինչեր են անում քրդերի դեմ:

Հանդիպմանը մասնակցած մեկ այլ սենատոր Ռիք Սքոթն էլ հայտնել է, որ Էրդողանի ցուցադրած տեսանյութը չի կարողացել մտափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում քրդական ուժերին որպես դաշնակից դիտարկող սենատորներին: 

Սքոթի խոսքերով՝ այս պահին Թուրքիան ու ԱՄՆ-ն հարաբերությունների բավական ծանր շրջան են ապրում՝ չնայած Թրամփը տեսախցիկների առջև ցույց է տալիս, թե իբր ամեն ինչ կարգին է:

 

Լրահոս

Դիտել ավելին