Կարևոր իրադարձություններ

4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի քրգործով մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար

14 Նոյեմբեր, 2019 16:44
4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի քրգործով մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում քննություն է տարվում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում իրկանացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Դեպքը տեղի է ունեցել 2018թ. դեկտեմբերի 26-ին. ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, բախվելով ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, դուրս էր եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս վարորդը՝ էդվարդ Քոչարյանը, ուղևոր Նվեր Մելքոնյանը տեղում մահացել էին, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորը և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում գտնված երկու անձինք, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2019թ. հունվարի 8-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել՝ իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան առևանգելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վթարի ենթարկված վերոհիշյալ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան պատկանում է ավտոմեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում տված քաղաքացուն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում համատեղ քննություն կատարելու վերաբերյալ՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, «Լեքսուս» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաների զննություններ, հարցաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատանյութագիտական, դատամանրաթելային և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:

Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հարցաքննությունների ընթացքում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում գտնված տուժածներից մեկը՝ ծնված 1989 թվականին, ով քրեական գործի շրջանակներում ի սկզբանե ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, իր ցուցմունքներում տրամադրել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն՝ նշելով, որ ավտովթարի պահին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան ինքը չի վարել, այլ՝ իր հետ նույն ավտոմեքենայում գտնված և գործով տուժող մյուս անձը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին