Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ստվեր է նետում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան

14 Նոյեմբեր, 2019 10:29
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ստվեր է նետում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. Էրդողան

Նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը քննադատել է ամերիկացի օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը՝ ասելով, որ դա «ստվեր է նետում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:

«104 տարվա հնություն ունեցող իրադարձությունների մասին պետք է դատեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները: Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Ես ուզում եմ հստակ նշել, որ Թուրքիան երկխոսության և բաց քննարկման ու բանավեճի կողմնակից է: Մենք մեր առաջարկը հայտնել ենք նաև հայկական կողմին, որպեսզի երկկողմանիորեն բացենք արխիվները, պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծենք: Հուսով եմ՝ Սենատն ԱՄՆ-ին կհանի այս արատավոր շրջանից, որը ստեղծվել է Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի պատճառով»,-հայտարարել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև էին ընդունել:

Ի դեպ, Էրդողանի այցի դեմ Վաշինգտոնում բողոքի ակցիա է կազմակերպվել:

 

Լրահոս

Դիտել ավելին