Կարևոր իրադարձություններ

Նոր զարգացումներ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

13 Նոյեմբեր, 2019 21:38
Նոր զարգացումներ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում, ըստ մեղադրանքի, թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է: Այս մասին գրում է 1in.am լրատվական կայքը

 

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից «BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:
Նույն օրը Սարգիս Վարդանյանը ներկայացել է քննչական բաժին ու ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Վկա Գասպարյանի ներկայությունը դատարանում ապահովելու անհնարինության պատճառաբանությամբ հրապարակվեց այս վկայի նախաքննական ցուցմունքը:
Վկան դեպքի գիշերն իր մեքենայով նույնպես երթևեկել է քաղաքի կենտրոնական հատվածով: Դեռ դեպքի վայր չհասած՝ նկատել է «ԲՄՎ-X6» մեքենա, որն ընթանում էր «բավական արագ»:

Վկան իր մեքենան կայանել է դեպքի վայրից ոչ շատ հեռու և անմիջապես լսել է մեքենաների բախվելու ուժգին ձայն: Դուրս է եկել իր մեքենայից ու տեսել է, որ «ԲՄՎ»-ն Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում բախվել է ՃՈ մեքենային, որը բախումից «շպրտվել էր», իսկ «ԲՄՎ»-ն բախվել էր գովազդային սյանը:

Վկան մոտեցել է ՃՈ մեքենային, տեսել է, որ տեսուչներից մեկը գետնին պառկած է, մարդիկ փորձում էին նրան օգնություն ցույց տալ: Վկան նկատել է մի աղջկա, որը խուճապի մեջ ընկած՝ գոռում էր, վկան ենթադրել է, թե նա հավանաբար «ԲՄՎ» մեքենայում է եղել: «ԲՄՎ»-ի վարորդին վկան չի տեսել: Հետագայում իմացել է, որ «ԲՄՎ»-ի ղեկին եղել է Ճվճվ Արոյի որդին, ում ինքը չէր ճանաչում:

Վկան նշել է, որ մեքենաների բախումից առաջ ՃՈ մեքենայի ձայնային ազդանշանը չի լսել: 

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին