Կարևոր իրադարձություններ

Սիսակ Գաբրիելյանն՝ Արսեն Բաբայանի նկատմամբ անձնական երաշխավորություն կիրառելու իր դիմումի մասին

12 Նոյեմբեր, 2019 15:35
Սիսակ Գաբրիելյանն՝ Արսեն Բաբայանի նկատմամբ անձնական երաշխավորություն կիրառելու իր դիմումի մասին

«Քաղաքական թիմիս դիրքորոշումը համապատասխանում է իմ միջնորդությունը ներկայացնելու հետ: Որևէ խնդիր չկա, մեղադրանքի բովանդակությանը չեմ ուզում անդրադառնալ, դա իմ գործը չէ: Իմ խորին համոզմամբ՝ այս փուլում ինքը չի խոչընդոտի նախաքննությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումին։

Նա նշեց, որ իր վստահությունս գալիս է նախկինում Արսեն Բաբայանին ճանաչելուց:

«Այսինքն ես հասկանում եմ, որ հետագայում, եթե նա չներկայանա իրավապահ մարմիններին, ես եմ ընկնելու քրեական պատասխանատվության տակ: Վստահությունս գալիս է իրեն ճանաչելուց, և ես կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճեների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին