Կարևոր իրադարձություններ

Արցախը՝ ընտրությունների շեմին. «Իրատես»

12 Նոյեմբեր, 2019 09:20
 Արցախը՝ ընտրությունների շեմին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «2020 թ. գարնանն Արցախում անցկացվելիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, քաղաքական ուժերի ակտիվ մասնակցության առումով, աննախադեպ են: Նախագահի թեկնածու առաջադրվելու մասին պաշտոնապես հայտարարել է Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ օրերս կայացած համագումարի ժամանակ:

«Հայաստանյան քաղաքական վերադասավորումներից հետո արցախցիները խանդավառվել են ու որոշել փորձել ուժերը: Բավական շատ են նոր ուժերը, որ ինքնավստահությամբ հայտարարում են, թե հաջողություն են գրանցելու: Չեմ բացառում, որ կարող են նախընտրական դաշինքներ ձեւավորվել, այլապես, եթե բոլորը նվազագույն 5 տոկոսի շեմը հաղթահարեն ու անցնեն խորհրդարան, դա 110 տոկոս է կազմում: Հիմնական ֆավորիտները, ըստ երեւույթին, Հարությունյանն ու արտաքին գործերի նախկին նախարար Մայիլյանը կլինեն: Թեեւ առայժմ չի բարձրաձայնվում, բայց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես կարող է առաջադրվել նախագահի թեկնածու: Բայց նրա հավակնությունը, ըստ երեւույթին, խորհրդարանի ղեկավար պաշտոնը ստանձնելն է»,- ասաց «Իրատեսի» արցախյան աղբյուրը:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին եւ Վիտալի Բալասանյանին, ըստ մեր զրուցակցի, Բալասանյանը դժվար թե լուրջ մրցակից լինի Մայիլյանի կամ Հարությունյանի համար, իսկ Բաբայանը, չկարողանալով նախագահի թեկնածու առաջադրվել, որոշել է ակտիվորեն պայքարել խորհրդարանական ընտրություններում լրջագույն քվե ստանալու եւ գուցե մեծամասնություն կազմելու համար:

«Դեռեւս հստակ չէ, թե Հայաստանի իշխանություններն արցախյան ինչ ուժերի են սատարելու: Արայիկ Հարությունյանի թիմն ու անձամբ Հարությունյանն ուղիղ տեքստով ասում են՝ համակրում են Փաշինյանին ու ողջունում նրա կառավարության որդեգրած քաղաքականությունը: Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, սակայն, լավ հարաբերություններ ունեն Արցախի նախկին նախարար Մասիս Մայիլյանի հետ: Չի բացառվում, որ ՀՀ էլիտան որեւէ թեւի չաջակցի ու չխառնվի ոչ մի բանի»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին