Կարևոր իրադարձություններ

Կայուն դպրոցական սննդի կազմակերպումը Արագածոտնում փոխանցվել է ՀՀ կառավարությանը. ԿԳՄՍՆ

11 Նոյեմբեր, 2019 18:09
Կայուն դպրոցական սննդի կազմակերպումը Արագածոտնում փոխանցվել է ՀՀ կառավարությանը. ԿԳՄՍՆ

Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Այդ մասին ազդարարվել է Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ եւ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշեւիչը, ՌԴ ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրեն Վլադիմիր Կովալենկոն, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիկովը, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ:

Նախարար Արայիկ Հարությունյանը, կարեւորել է նաեւ այս մարզում դպրոցական սննդի կազմակերպման հանձնառությունը ՀՀ կառավարության կողմից` շեշտելով, որ դպրոցական սննդի կազմակերպումը պետք է իրագործվի անխափան եւ այդ նպատակով հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը ՌԴ գործընկերների եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ:

«Օրվա մեջ առնվազն մեկ անգամ երեխաներին ապահովում ենք  տաք սննդով, ինչը դրական է անդրադառնում կրթության որակի  ապահովման վրա: Ծրագրի հաջող իրականացման մեջ ներառված են տարբեր շահառուներ: Նախարարությունը, որպես հիմնական պատասխանատու, իրականացնելու է վերապատրաստումներ, արդյունքների գնահատում: Հաջողության երկրորդ կարեւոր գրավականը ուսուցիչների եւ ծնողների ներգրավումն է դպրոցական սննդի կազմակերպման եւ առկա խնդիրների լուծման գործին: Երրորդ կարեւոր գրավականը միջավայրի ապահովումն է. մենք ցանկանում ենք այս ծրագրով խթանել տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ բարելավել ենթակառուցվածքները` խոհանոցային տարածքների վերակառուցման եւ սարքավորումներով համալրման միջոցով»,- նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանի խոսքով` փոքր համակազմ ունեցող դպրոցներում, որտեղ դպրոցական սննդի ծրագրից օգտվող աշակերտների թիվը մեծ չէ, 2020 թ. պետական բյուջեում ֆինանսավորման նոր բանաձեւ է կիրառվելու, ըստ որի խոհանոցներում աշխատողների համար նախատեսվում է հավելյալ ֆինանսավորում:

«ՀՀ կառավարության հետ երկարամյա գործընկերության եւ Ռուսաստանի Դաշնության շարունակական աջակցության շնորհիվ, Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հիանալի օրինակ է եւ խորհրդանշում է այն, ինչ հնարավոր է իրականացնել, երբ բոլորս աշխատում ենք մեկ համընդհանուր նպատակի համար՝ ի նպաստ երեխաների ապագայի խթանել կայուն պարենային ապահովությունը», - նշել է Ելենա Միլոշեւիչը:

Ռուսական կողմի ներկայացուցիչ Վ. Կովալենկոն եւս բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած արդյունքները` ընդգծելով, որ ծրագրի իրականացման արդյունավետության առումով մեր երկիրն առաջատարն է նախկին Խորհրդային միության երկրների մեջ:

ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովն էլ նշել է, որ Հայաստանում դպրոցական սննդի կազմակերպման հաջողված փորձը հաշվի կառնվի ՌԴ-ում դպրոցական սննդի ծրագրի ներդրման ընթացքում.  «Հայաստանն այս առումով  բավականին առաջ է անցել, որովհետեւ ՌԴ-ում նոր են սկսվում քննարկումները դպրոցական սննդի կազմակերպման պետական ծրագրի ներդրման վերաբերյալ: Հայաստանում ես տեսել եմ, որ ծնողների, դպրոցի եւ պետության համատեղ ուժերով արդյունավետ համակարգ է ստացվել»,- նշել է  Վ. Չերնիգովը:

Արագածոտնի մարզպետի տեղեկացմամբ` մարզում առկա 117 դպրոցներից 101-ում կազմակերպվում է տաք սնունդ: Ծրագրից օգտվում է 1-4-րդ դասարաններ եւ նախակրթարաններ հաճախող շուրջ 7500 երեխա: 16 դպրոցում երեխաներին  կտրամադրվի չոր սնունդ մինչեւ այդ հաստատությունները նույնպես ապահովվեն խոհանոցային ենթակառուցվածքներով։

Նշենք, որ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցական ծրագրից կօգտվի կրտսեր դպրոցի 260 աշակերտ: Այստեղ ՊՀԾ-ի աջակցությամբ  վերակառուցվել  եւ  նորոգվել է խոհանոցը, որը նախկինում անբարեկարգ տարածք է եղել: Դպրոցի խոհանոցն այժմ հագեցած է նաեւ անհրաժեշտ սարքավորումներով եւ տեխնիկական միջոցներով, առողջ սննդի կազմակերպման բոլոր պայմաններով: Բացի այդ` դպրոցին կից ՊՀԾ աջակցությամբ կառուցվում է ջերմոց, որտեղ հետագայում աճեցվելու են դպրոցի սննդի կազմակերպմանն անհրաժեշտ մթերքներ: Դպրոցներին կից ջերմոցների ստեղծումը ՊՀԾ-ի նոր ընդլայնված մոդելն է, որն այժմ փորձարկվում է եւ հաջող արդյունք արձանագրելու դեպքում կտարածվի նաեւ մյուս դպրոցներում:

 

Լրահոս

Դիտել ավելին