Կարևոր իրադարձություններ

ժողովուրդների միասնականության, համախմբվածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմին և մաքրել աշխարհն այդ ժանտախտից. Զոհրաբ Մնացականյան

10 Նոյեմբեր, 2019 21:41
ժողովուրդների միասնականության, համախմբվածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմին և մաքրել աշխարհն այդ ժանտախտից. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովը Հայաստանի ազգային պատկերասրահում  «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան:

Ողջունելով հյուրին և ներկաներին՝ Մնացականյանն ասաց.

«Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է. դա մեր ընդհանուր հիշողությունն  է այն մասին, թե ինչպես ենք ուս ուսի մարտնչել եւ հաստատակամ միասին քայլել դեպի հաղթանակ»:

Նա նշեց, որ հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների և հակահիտլերյան կոալիցիայի մաս կազմող ազգերի ընդհանուր ձեռքբերումն է:

«Սա իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ մեծ հայրենական երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքար էր: Մեր բոլորի ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են այդ պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների մասին հուշերը, նրանց ապրումները»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ ժողովուրդների միասնականության, համախմբվածության շնորհիվ հնարավոր դարձավ հաղթել ֆաշիզմին և մաքրել աշխարհն այդ ժանտախտից:

«Այդ իսկ պատճառով անընդունելի են բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը և խեղաթյուրել պատերազմի մասին ճշմարտությունը,-ասաց Մնացականյանը և շարունակեց,-Մայիսի 9-ը տոն է յուրաքանչյուրիս համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, եղբայր գնացել է ռազմաճակատ: Մեր պապերը և նախապապերը մարտնչել են ռազմաճակատում, անմարդկային ջանքեր գործադրել թիկունքում՝ չխնայելով սեփական կյանքն ու առողջությունը՝ այդպիսով հանդիսանալով հերոսության, ինքնազոհության, մեծահոգության և իրական հայրենասիրության օրինակ: Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով. այդպես է եղել իմ պապի շնորհիվ, որը կռվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմում»:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայերի հերոսական մասնակցությունը պատերազմին:

«Հավետ փառք կյանքը մեր հայրենիքի ազատությանը տված հերոսներին, փառք ու պատիվ մեր քաջարի հայրերին ու պապերին, ովքեր անձնուրացաբար կռվել են առաջնագծում, աշխատել թիկունքում, կերտել մեծ հաղթանակը:

Այսօր, ինչպես և հաղթանակի օրը, մենք ջերմորեն ողջունում ենք պատերազմի վետերաններին: Սերունդները պարտական են պատերազմի վետերանների սխրանքների համար»,-եզրափակեց Զոհրաբ Մնացականյանը:

Սերգեյ Լավրովն ասաց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

«Կցանկանայի հայտնել երախտագիտությունս Հայաստանի ազգային պատկերասրահին, որն այս ցուցահանդեսի համար տրամադրել է իր հրաշալի սրահները: Ցուցահանդեսի նյութերը մանրամասնորեն ներկայացնում են այն տարիների ողբերգական դեպքերը, մեր հայրերի և պապերի աննախադեպ հերոսությունները, որ անասելի ջանքերի և զոհողությունների գնով փրկել են քաղաքակրթությունը «շագանակագույն ժանտախտի» սարսափներից և հարթել դրա ճանապարհը:

Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ազգերի հետ ուս ուսի պաշտպանել են Մոսկվան և Բրեստը, մարտնչել Ստալինգրադում ևԿուրսկի աղեղում, ազատագրել Կովկասն ու Ղրիմը, վերցրել Բեռլինը»,-ասաց Լավրովն՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն իրավունք ունի հպարտանալ իր հերոսներով, որոնց անգնահատելի ներդրում են ունեցել նացիզմի ջախջախման ընդհանուր գործում:«Մոսկվայում բարձր են գնահատում Երևանի մշտական ուշադրությունը Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանման հարցում:
 
Բարի ավանդույթ է դարձել «անմահ գնդի» քայլերթը, որոնց շարքերում այս տարի 10000 այլ մասնակիցների շարքում եղել է նաև ՀՀ նախագահ Սարգսյանը»-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ հաջորդ տարի՝ 2020 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի հոբելյանական տոնակատարություններին մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին վարչապետ Փաշինյանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց:

«Գիտեմ, որ Հայաստանի հասարակության ներկայացուցիչները ԽՍՀՄ մյուս ազգերի հետ միասին ակտիվորեն կմասնակցեն տոնական միջոցառումներին՝ այդ կերպ պահպանելով հերոսների հիշատակը»,-ասաց Ս. Լավրովը:

Նա նկատեց, որ հայերի և ռուսների դարավոր բարեկամությունը, որը կոփվել է տարբեր ռազմական փորձությունների միջոցով, երաշխիք  է հետագա ռազմավարական համագործակցության ամրապնդման համար՝ ի շահ մեր քաղաքացիների, հանուն անվատանգության և կայունության Անդրկովկասում և մեր ամբողջ տարածաշրջանում:«Մենք միասնական ենք այն հարցում, որ անհրաժեշտ է հակազդել պատմությունը խեղաթյուրելու, Երկորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ընդունված արդյունքների վերանայման փորձերին: Ցուցահանդեսը, որն այսօր բացում ենք, շատ կարևոր և հստակ ներդրում է այդ նախաձեռնություններում:

Հերոսներին վառ հիշատակ, վետերաններին խոնարհում և ամենայն բարիք»-ասաց Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
 

Լրահոս

Դիտել ավելին