Կարևոր իրադարձություններ

Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն կարևոր առաքելություն. Սուրեն Պապիկյանի ուղերձը

10 Նոյեմբեր, 2019 17:51
Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն կարևոր առաքելություն. Սուրեն Պապիկյանի ուղերձը

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 23-ամյակի առթիվ: Ուղերձում ասվում է.

Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 23-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայության և, առհասարակ, համայնքների զարգացման գործի նվիրյալներին։

Տեղական ինքնակառավարման մարմինները ունեն կարևոր առաքելություն․ համայնքի բնակիչների համար ապահովել բարեկեցիկ և զարգացող միջավայր։ Տնտեսական հեղափոխության տեսլականը և համայնքների զարգացման պատկերացումները այն ուղենիշն են, որով պետք է առաջնորդվեն ՏԻՄ ներկայացուցիչները ՀՀ քաղաքացուց շնորհված մանդատը իրացնելիս։

Բարձր գնահատականի են արժանի ՏԻՄ այն ներկայացուցիչները, որոնք, օգտվելով այդ մանդատը իրացնելու ընձեռնված հնարավորությունից և վեր կանգնելով քաղաքական հայացքներից, համայնքի բնակչի առջև բարձր պատասխանատվության գիտակցումով լծվել են հայրենիքի ու իրենց համայնքի շենացման գործին։

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ ուզում հղել նաև տեղական ինքնակառավարման բարդ և պատասխանատու ոլորտում ներգրավված կանանց, կին համայնքապետերին և ավագանու անդամներին, որոնք հաստատապես առավել ունակ են հաղորդակից լինել համայնքի բնակչությանն ու նրա հոգսերին և կանացի հոգատարությամբ մասնակից դառնալ համայնքի խնդիրների լուծմանն ու բնակիչների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելուն։

Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից 23 տարի անց, անհրաժեշտ է արձանագրել, որ ՏԻ համակարգը, լինելով ժողովրդավարության կարևոր հենասյուն, դեռևս լիարժեք չի կայացել։ Հենց այդ համակարգը կայունացնելուն և զարգացնելու են միտված մեր իշխանության բարեփոխումները և օրենսդրական նախաձեռնությունները ՏԻ ոլորտում, որոնց շարքում կառանձնացնեմ այն մանրակրկիտ և շրջահայաց աշխատանքները, որ տարվում են համամասնական ընտրակարգի ներդրման, համայնքային ծառայության բարելավման, համայնքների միավորման գործընթացը որակապես այլ փուլ տեղափոխելու, սուբվենցիայի ծրագրերին համայնքների մասնակցության հնարավորությունները և ֆինանսավորումը մեծացնելու ուղղությամբ։

Այսպիսով, ապակենտրոնացման իրականացմանը, համայնքների կարողությունների ամրապնդմանն ու տեղական մակարդակում կառավարման մասնակցայնությանն ու թափանցիկության բարձրացմանն ուղղված այս գործընթացը շարունակական է լինելու մինչև ցանկալի արդյունքների հասնելը։

Տեղական ինքնակառավարման մեջ անմիջական մասնակցության ունեցող սիրելի քաղաքացիներ, ինչպես ՏԻ մարմիններն են պատասխանատու համայնքի բնակչի առջև, այնպես և համայնքի բնակիչն է պատասխանատվություն կրում իր կատարած ընտրության համար։ Ուստի ՏԻՄ կայացման ճանապարհին այս գիտակցումը թող լինի ձեր համայնքի զարգացման առհավատչյան։

ՏԻՄ հարգելի ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, կրկին շնորհավորում եմ այս կարևոր օրվա առթիվ և մաղթում հաջողություններ և համատեղ արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն մեր հայրենիքի, ի շահ Հայաստանի Հանրապետության։

 

 

Լրահոս

Դիտել ավելին