Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

«Փաստ». Գրավ հնարավոր կլինի կիրառել թե´ մեղադրյալի, թե´ կասկածյալի նկատմամբ

09 Նոյեմբեր, 2019 09:03
«Փաստ». Գրավ հնարավոր կլինի կիրառել թե´ մեղադրյալի, թե´ կասկածյալի նկատմամբ

«Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական նորմերում: 

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին մինչև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը լուծել մեղադրյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ` քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հասնելու հնարավորության հարցը: 

Առաջարկվում է ընդարձակել գրավ խափանման միջոցի կիրառման հիմքերը՝ այն թույլատրելով կիրառել ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի գտնվելն ապահովելու նպատակով, այլ նաև քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկացած հիմքի առկայության դեպքում։ Դրանից բխում է, որ պետք է նաև թույլատրել գրավը պետության եկամուտ դարձնել այն դեպքերում, երբ անձը կատարել է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից ցանկացածը: 

Օրինակ՝ թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել է մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, խուսափել է քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց և այլն։

Բացի այդ, առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև՝ որպես ինքնուրույն խափանման միջոց՝ կալանավորումից անկախ: 

Դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ գրավ հնարավոր կլինի կիրառել ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ: 

Արդարադատության նախարարությունն առաջարկում է գրավի գումարի նվազագույն չափ սահմանել 200 000 դրամը՝ անկախ հանցագործության տեսակից: 

Խափանման միջոց կալանավորումը միայն որպես ծայրահեղ միջոց դիտելը երաշխավորելու համար առաջարկվում է, որպեսզի կալանավորում ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու յուրաքանչյուր դեպքում քննիչի կամ դատախազի միջնորդության մեջ շարադրվի քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին այլ խափանման միջոցների կիրառմամբ հասնելու անհնարինության վերաբերյալ հետևությունները: 

Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: 

Արդարադատության նախարարության մշակած նախագծով առաջարկվում է նաև կատարելագործել գրավը պետության եկամուտ դարձնելու ընթացակարգը՝ թույլատրելով քրեական գործը դատարանում քննելիս դրանք պետության եկամուտ դարձնելու հարցը քննարկել ոչ միայն դատախազի միջնորդության հիման վրա, այլ նաև դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ, ինչպես նաև նույնանման ընթացակարգ սահմանել նաև երաշխավորության գումարը պետության եկամուտ դարձնելու համար: 

Այս նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները կհամապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին, անձի անձնական ազատությունը երաշխավորող միջազգային իրավական փաստաթղթերին, ինչպես նաև կատարելագործելու նպատակով փոփոխություններ կկատարվեն խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական այլ նորմերում, ուժը կորցրած կճանաչվեն իրավակիրառ պրակտիկայում փաստացի չգործող նորմերը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին