Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններ

07 Նոյեմբեր, 2019 19:31
Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բնակչության շրջանում կատարած բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Կենտրոնական բաժին եկած 48-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, կամավոր հանձնել է մեկփողանի հրացան։ Նրա հայտնածով՝ հրազենն իրենն է․ ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին։

Նոր Խարբերդի բնակիչ, 43-ամյա մի կին էլ ոստիկանության Շենգավիթի բաժին է բերել ինքնաշեն հրազեն ու տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին եկած 47-ամյա տղամարդը, որը Վանաձորի բնակիչ է, կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ, և ինքնաձիգի 5․45 մմ տրամաչափի 19 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք գտել է ավտոտնակը մաքրելիս։

Եղվարդ քաղաքի բնակիչ, 63-ամյա մի կին էլ ոստիկանության Նաիրիի բաժին է բերել «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են իր հանգուցյալ որդուն։

Ոստիկանության Վաղարշապատի բաժին եկած 42-ամյա տղամարդն էլ, որը Գեղակերտ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի 120-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք գտել է իրենց տանը կից կիսակառույց շինությունում։

Արագածոտնի մարզում ապրող մի տղամարդ էլ ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ ու ինքնաձիգի պահունակ՝ հայտնելով, որ զինամթերքը գտել է ավտոտնակում։

Ոստիկանությունը նշանակել է դատաձգաբանական փորձաքննություններ։

«Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին