Կարևոր իրադարձություններ

«Լիդիան»-ը դատի է տալիս Շրջակա միջավայրի նախարարությանը

06 Նոյեմբեր, 2019 17:45
«Լիդիան»-ը դատի է տալիս Շրջակա միջավայրի նախարարությանը

«Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագծի մերժումն ապօրինի է համարում: Ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան՝ ընդդեմ շրջակա միջավայրի նախարարության: «Լիդիան» ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«2019թ. հուլիսի 4-ին ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սեպտեմբերի 9-ին նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը և տրամադրել մի շարք դիտողություններ, այդ թվում՝ պահանջվող 43.5 լ/վ ծավալը վերանայելու անհրաժեշտության մասին՝ Դարբում սեզոնի երեք ամսվա ընթացքում ջրի անբավարար քանակի պատճառով:

Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը և դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար, ինչպես խորհուրդ էին տվել նախարարության պաշտոնյաները՝ ընկերության հետ քննարկումների ժամանակ:

Հոկտեմբերի 31-ին ընկերությունը ստացավ շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումի մերժումը:
«Լիդիանի» իրավախորհրդատուները մեկնաբանում են, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե նախարարությունը որոշում չի տրամադրել 50 աշխատանքային օրվա ընթացքում, ապա դիմումը համարվում է բավարարված, և ընկերությունը կարող է օգտվել համապատասխան իրավունքից: Իրավախորհրդատուները նաև պարզաբանել են, որ նույնիսկ հաշվի առնելով նախարարության կողմից ընկերության դիմումի հետաձգումը, նախարարությունը, միևնույն է, գերազանցել է օրենքով սահմանված 50 օրը, և ընկերությունը կարող է համարել, որ ունի Դարբից ջրօգտագործման թույլտվությունը՝ իր դիմումի համապատասխան:

Ընկերությունը ծրագրում է դիմել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ, որի իրավունքը ընկերությունն ունի՝ համաձայն ՀՀ օրենսդրության:

«Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը այս առիթով ասել է,- «Ցավալի է, որ «Լիդիանը» պետք է դարձյալ դիմի դատական մարմիններին՝ ակնկալելով, որ դատարանը կանխի Ամուլսարի ծրագիրն իրականացնելու «Լիդիանի» իրավունքի խախտման ապօրինի փորձերը: Անցյալ ամիս Վարչական դատարանը պարզեց, որ ՀՀ կառավարության նախկին պաշտոնյան ապօրինի կերպով փորձում էր զրկել ընկերությանը Ամուլսարի ծրագիրն իրականացնելու իրավունքից: Այժմ, կարծես, արդեն գործող նախարարն է ապօրինի գործողություններով խոչընդոտում ընկերությանը՝ իրականացնել Ամուլսարի ծրագիրը:

2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց, որ չկա ոչ մի իրավական հիմք, որի հիման վրա ՀՀ կառավարությունը կարող էր մերժել «Լիդիանի» Ամուլսարի ծրագիրն իրագործելու իրավունքը և որ երկրի շահերից է բխում թույլ տալ, որ ծրագիրն իրագործվի:

Ե՞րբ է վարչապետը իրականացնելու օրենքի գերակայությունն ապահովելու խոստումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին