Կարևոր իրադարձություններ

Գրիպի դեմ պատվաստանյութն արդեն Հայաստանում է. ԱՆ

06 Նոյեմբեր, 2019 16:53
Գրիպի դեմ պատվաստանյութն արդեն Հայաստանում է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գրիպի դեմ պատվաստանյութն արդեն Հայաստանում է: Ներկայում կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:

«Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ: Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռքբերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Գրիպի դեմ պատվաստումներն անվճար են, նախատեսված են ռիսկի խմբերի համար: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ ռիսկի խմբերն են՝ հղիները, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, բուժաշխատողներ, փակ կոլեկտիվներում աշխատողներ, խնամվողներ, ինչպես նաև զինծառայողներն ու զորակոչի ենթակա անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին