Կարևոր իրադարձություններ

Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

06 Նոյեմբեր, 2019 11:16
Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նյութերը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ դեպքի առթիվ շարունակվում է նյութերի նախապատրաստումը:

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։38-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 խումբը, դեպքի վայր գնալիս՝ լուսային փարոսիկները միացրած, «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։ Վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։

Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին էր ներկայացել 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։

Դեպքից մեկ օր անց՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարությամբ հանդես եկավ Բարձրագույն դատական խորհուրդը՝ մասնավորապես նշելով. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին Բարձրագույն դատական խորհուրդը իրազեկված է, այժմ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։ Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց, մինչև կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները»։

Նոյեմբերի 4-ին էլ լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով այս դեպքին, նշել է. «Մեր 4 հրշեջները մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել դիմացից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա: Ճանապարհ չեն տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները: Ես չգիտեի, թե ով էր՝ դատավո՞ր էր, ո՞վ էր... Երբ տվեցի մեքենայի համարը, մեր ճգնաժամային կենտրոն ներկայացրին տեղեկությունը, ես անմիջապես ասացի՝ տվեք ոստիկանություն, եւ ոստիկանությունը զբաղվում է դրանով»:

 

Լրահոս

Դիտել ավելին