Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Մարդուն առևանգելու մեղադրանքով կալանավորվել է Շենավան գյուղի գյուղապետը և նրա եղբայրը. Քննչական կոմիտե

05 Նոյեմբեր, 2019 21:59
Մարդուն առևանգելու մեղադրանքով կալանավորվել է Շենավան գյուղի գյուղապետը և նրա եղբայրը. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի  մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ  կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին, Արմավիրի մարզի 27-ամյա բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել  իրեն առևանգելու և ծեծի ենթակելու  մասին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: 27-ամյա երիտասարդը   ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ խուզարկություններ, առերեսումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, պարզվել միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Պարզվել է 27-ամյա երիտասարդին առևանգելու մասնակից անձանց շրջանակը: Նրանցից երկուսը եղբայրներ են ՝ 39 և 43-ամյա, ովքեր իրենց 37-ամյա ընկերոջ միջոցով, 27-ամյա երիտասարդին տանից կանչել են դուրս, ապա երիտասարդի կողմից վաճառվող մեքենան  գնելու պատրվակով, նրա հետ ուղևորվել են մեքենայի տեխնիկական վիճակը ստուգող անձի մոտ, սակայն ճանապարհին երիտասարդին դուրս են բերել ավտոմեքենայից  և նստեցնելով մեկ ուրիշ ավտոմեքենա՝ տարել են մոտակա գյուղի դաշտեր, որտեղ ճանապարհին նրանց  միացած երկու ընկերների հետ ծեծել են վերջինիս:

Քրեական գործի շրջանակներում եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև  118-րդ հոդվածի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Եվ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամ իր ընկերների հետ իրեն տանից դուրս է կանչել իր ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարհին եկած անձանցից մեկը հարվածել է իրեն ու ստիպողաբար դուրս բերել ավտոմեքենայից, նստեցրել մեկ այլ ավտոմեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին