Կարևոր իրադարձություններ

Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվե՞լ. «Հրապարակ»

05 Նոյեմբեր, 2019 08:18
Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվե՞լ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել եւ որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։

Հիշեցնենք, որ նա անցնում է «Մարտի 1»-ի անջատված մասով, առայժմ՝ որպես վկա, նրան 2 անգամ հրավիրել են Երեւան՝ հարցաքննության, սակայն չի ներկայացել։ Մենք ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այլ պետության քաղաքացուն բերման ենթարկելու որոշում կայացվել։ ՀՔԾ-ից մեզ պատասխանեցին․ «Տեղեկությունը չենք մեկնաբանում»։

Փորձեցինք կապվել ՀՀ եւ Արցախի դատախազությունների հետ։ ՀՀ դատախազության ներկայացուցիչը լսեց մեր հարցը, բայց չպատասխանեց։ Իսկ Արցախի դատախազության մամուլի խոսնակ Կիմ Գաբրիելյանը խոստացավ ճշտել եւ հայտնել, այնուհետեւ երկար չէր պատասխանում մեր զանգերին, իսկ օրվա վերջում ուղարկեց հետեւյալ երկտողը․ «ԱՀ դատախազությունում Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու մասին որոշում չեն ստացել։ Այդ կապակցությամբ որեւէ նորություն լինելու դեպքում անպայման կիրազեկեմ»։

Իրավաբանները մեզ բացատրեցին, որ Արցախի քաղաքացուն ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկել չի կարող՝ եթե նման որոշում են կայացրել, ապա դա անօրինական է։ Կարող են միայն հետախուզում հայտարարել եւ դիմել Արցախի դատախազություն՝ խնդրելով արտահանձնել իրենց երկրի տարածքում հանցագործություն կատարած անձին։ Բայց դրա համար էլ նախ պետք է Բալասանյանին մեղադրանք առաջադրեն, միջազգային հետախուզում հայտարարեն։

Հիշեցնենք, որ Բալասանյանը գրավոր բացատրություն էր ուղարկել ՀՔԾ, որ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ժամանակ Երեւանում չի գտնվել, իր տեղեկությունները սահմանափակվում են հասարակության լայն շրջանակներին հայտնի եւ ԶԼՄ-ներով տարածված տեղեկություններով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին