Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի անդրադարձել է նոյեմբերի 2-ին Դոլմաբահչե պալատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ անցկացված հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Մենք նշեցինք, որ դրանք անընդունելի են ինչպես օրակարգ բերվելու ժամանակի, այնպես էլ բովանդակության և քաղաքական համատեքստի տեսակետից և չեն նպաստում թուրք –ամերիկյան հարաբերություններին», – ասել է նա։
Էրդողանի խոսնակը տարակուսանք է հայտնել, թե ինչու է Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերվել ոչ թե ապրիլին, ինչպես լինում է սովորաբար, այլ հենց հոկտեմբերին և հատկապես հոկտեմբերի 29-ին, երբ Թուրքիան նշում է իր հանրապետության օրը։
Շարունակելով Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված ավանդական ձևակերպումներ հնչեցնել՝ Քալընը առաջ է քաշել այն պնդումը, թե 1915թ․ տեղի ունեցած իրադարձությունները իրավաբանոության տեսակետից չեն կարող որպես ցեղասպանություն որակվել այն պատճառով, որ «Ցեղասպանություն» տերմինը Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծվել է ավելի ուշ՝ 1944թ․։ Քալընը, սակայն, մոռացել է, որ Լեմկինն անձամբ բազմիցս նշել է, որ նշյալ տերմինը ստեղծելիս մտքում ունեցել է նաև հայերի կոտորածների դրվագները:
«Դուք Ձեզ դրել եք դատարանի տեղ ու որոշումներ եք կայացնում։ Անգամ փորձում եք կյանքի կոչել մի բանաձև, որը պիտի խոչընդոտի այս թեմաների շուրջ ազատ քննարկումները։ Իսկ ո՞ւր մնաց խոսքի ազատությունը»,- ասել է Էրդողանի խոսնակը։
Նա հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությանը հիշեցվել է նախագահ Էրդողանի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։