Կարևոր իրադարձություններ

Խմելու ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը. պետությունը սուբսիդավորում չի իրականացնի

04 Նոյեմբեր, 2019 18:14
Խմելու ջրի սակագինը սպառողների համար կմնա նույնը. պետությունը սուբսիդավորում չի իրականացնի

Ջրի գինը 2020-ին սպառողների համար կմնա նույնը՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ գործող 191.4  դրամ սակագնի փոխարեն կհաստատվի 180 դրամը, այսինքն` պետությունն այլևս սուբսիդավորելու կարիք չի ունենա: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Բաղրամյանը նախ նշեց՝ «Վեոլիա ջուր»-ի՝ սակագինը բարձրացնելու հայտնի մասով մոնիտորինգն ավարտվել է: «Շուտով կամփոփենք, հանրային քննարկում կկազմակերպենք, արդյունքները կներկայացնենք նաև հանրությանը: Արդեն ելնելով այն ցուցանիշներից, որ ունենք, կարող եմ ասել, որ եղած գինը կվերահաստատվի, այսինքն` որևիցե բարձրացում չենք ունենա։  Գործող գինը 191.4 դրամ է, սուբսիդավորվում է պետության կողմից: Հիմա հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդիայի, այսինքն` պետությունը 2020-ին այլևս չի սուբսիդավորվելու: Մեր հանձնաժողովի որոշմամբ ջուրը վաճառվելու է 180 դրամով, այսինքն` պետությունն այս պարագայում այլևս սուբսիդավորելու խնդիր չունի, իսկ սպառողի համար կմնան գործող գները»,-ասաց Բաղրամյանը:

Սակագնի ճշգրտումներ են լինում յուրաքանչյուր տարի՝ կախված 3 հիմնական գործոններից: Այդ գործոններն են՝ ջրի ծավալը, սղաճը և էլեկտրաէներգիայի սակագինը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին