Կարևոր իրադարձություններ

Արարատյան դաշտի գյուղերի խմելու ջրում նորմերի շեղումներ են հայտնաբերվել

04 Նոյեմբեր, 2019 10:24
Արարատյան դաշտի գյուղերի խմելու ջրում նորմերի շեղումներ են հայտնաբերվել

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը նորմերի շեղումներ է հայտնաբերել Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի խմելու ջրի 2 նմուշներում և Արարատի մարզի Հայանիստ համայնքի խմելու ջրի 6 նմուշներից մեկում: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»։

Տեսչական մարմինը պարզել է նաև, որ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի ջրամատակարարումն ապահովող 2 արտեզյան հորերը չունեն սանիտարական պահպանման գոտիներ: Սայաթ Նովա համայնքում տեսչական մարմինը խնդիրներ չի հայտնաբերել: Այս մասին կայքի հարցմանն ի պատասխան նամակով հայտնել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Հիշեցնենք, որ «ԷկոԼուրը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ուղարկել նամակ Տարոնիկ, Արտաշար, Հայանիստ և Սայաթ Նովա համայնքների բնակիչների ջրի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև այդ համայնքների բնակիչների ջրի խախտված իրավունքի վերականգնման 4 դիմում պահանջագիր։

Նամակների հիման վրա ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել համայնքներում, որոնց արդյունքների մասին տեղեկացրեց ԷկոԼուրին:

Տեսչական մարմնի ղեկավարի նամակում նշված է.

«ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ ՀՀ Արարատի մարզի Հայանիստ, Սայաթ Նովա և Արմավիրի մարզի Արտաշար, Տարոնիկ համայնքներում հարուցվել են վարչական վարույթներ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 և 2002 թվականի նոյեմբերի 11-ի N 803 հրամանով հաստատված «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական կանոններով և նորմերով (այսուհետ՝ Նորմեր) սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով, որոնք ուղեկցվել են խմելու նպատակով օգտագործվող ջրի նմուշառումներով՝ ջրի որակի լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Լաբորատոր փորձաքննությունն իրականացվել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնք՝ ջրամատակարարումն ապահովող 2 արտեզյան հորերը չունեն սանիտարական պահպանման գոտիներ, ինչը հանդիսանում է N 2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների խախտում, որի կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 27-ին տրվել է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու համար: Ներկայում սանիտարական պահպանման գոտիների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Վարույթի շրջանակներում լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառված խմելու ջրի 3 նմուշներում մանրէաբանական, ջրի զգայորոշական և ջրի աղտոտվածության պատճառի հայտնաբերման ցուցանիշներով շեղումներ չեն հայտնաբերվել: Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով նոյեմբեր ամսին նախատեսվում է հարուցել վարչական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
 

Լրահոս

Դիտել ավելին