Կարևոր իրադարձություններ

Բժշկական կենտրոնները մարում են նախկինից մնացած պարտքերը․ Արսեն Թորոսյան

01 Նոյեմբեր, 2019 11:49
Բժշկական կենտրոնները մարում են նախկինից մնացած պարտքերը․ Արսեն Թորոսյան

2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ՀՀ Առողջապահության նախարարությանը հատկացնել 109 մլրդ դրամ, 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված 89,6 մլրդ դրամի փոխարեն։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝  սա նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսվածից ավելի է 7,3 տոկոսով։

Թորոսյանն անդրադարձավ նաև բժշկական կենտրոններին պետական պատվերի շրջանակներում տրամադրվող գումարին։

«Միշտ կան օդում կախված վիրտուալ մեղադրանքներ, որ մենք հավասարաչափ չենք բաշխում այդ գումարները։ Մենք այս տարի մի հետաքրքրիր եղանակով ենք գնացել, տարվա ընթացքում բազմաթիվ վերաբաշխումներ ենք արել՝ ոչ թե 1-2, ինչպես հաճախ տեղի է ունենում, այլ գրեթե ամեն ամիս վերաբաշխում ենք արել։ Այսինքն՝ տեսել ենք որտեղ է դանդաղ ծախսվում, որտեղ արագ, դանդաղ ծախսվողից վերցրել ենք տեղափոխել ենք արագ ծախսվողի մոտ։ Կամ որտեղ կա գերածախս և որտեղ թերածախս»։ Վերջին վերաբաշխումը նախարարի խոսքով եղել է անցյալ շաբաթ, հավանաբար կլինի ևս մեկը։

«Եթե թեթև սոցիոլոգիական բաշխում անենք բժշկական կենտրոնների ստացած գումարների վերաբերմունքի մասով, այսինքն, թե իրենք ինչպես են կարծում, արդյո՞ք իրենց արդար է բաշխվել, ապա այդ ցուցանիշն անհամեմատ ավելի դրական կլինի քան նախկինում։ Բողոքներ կամ ավել գումար տալու խնդրանքներ մենք պրակտիկորեն չենք ստանում»։

Բողոքների բացակայությունն, ըստ նախարարի պայմանավորված է ոչ միայն ճիշտ վերաբաշխմամբ, այլ գումարի բացարձակ թվի աճով։ Դրա շնորհիվ էլ բազմաթիվ բժշկական կենտրոններ, որոնք ունեին շատ մեծ թվով պարտքեր, այժմ մարել կամ մարում են դրանք ու արդեն զարգացման ծրագրեր են իրականացնում, նոր սարքավորումներ են ձեռք բերում։

 

Լրահոս

Դիտել ավելին