Կարևոր իրադարձություններ

Բանաձևը ընտրության ուղերձ է. Սասնա ծռեր

31 Հոկտեմբեր, 2019 14:17
Բանաձևը ընտրության ուղերձ է. Սասնա ծռեր

Հայոց Ցեղասպանության վերաճանաչման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի թիվ 296 բանաձևը ԱՄՆ կողմից Ցեղասպանության նախորդ պաշտոնական ճանաչումներից էականորեն տարբերվում է թե ժամանակի և աշխարհաքաղաքական համատեքստերի, և թե բովանդակության առումներով:
Նախկինում ճանաչումները տեղի էին ունենում Սառը պատերազմի ժամանակվա կայուն և անխախտելի համարվող աշխարհակարգի ու սահմանների պայմաններում, առավելապես ունեին պատմական արդարության նկատմամբ քաղաքակակրթական տուրքի շարժառիթ և զերծ էին գործունեական հեռանկարից:
Մինչդեռ ներկայիս բանաձևը աշխարհում, հատկապես՝ Մեծ Մերձավոր Արևելքի մեր տարածաշրջանում, տեղի ունեցող «տեկտոնական» փոփոխությունների և այդ փոփոխությունները որոշակի ընթացքով տանելու ԱՄՆ ռազմավարության արտահայտությունն է:
Այս բանաձևը, նրա ընդունման տասնամյակների նախապատմությունը և ներկա համատեքստը արտահայտում են ԱՄՆ-ի՝ որպես աշխարհաքաղաքական հզորագույն կենտրոնի, ամբողջ քաղաքական վերնախավի.

  1. չթուլացող հետաքրքրվածությունը Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական շահեր հետապնդելու ուղղությամբ,
  2. այդ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը փոփոխելու նկրտումը, ինչպես նաև որոշումը՝ այդ փոփոխման գործընթացում Թուրքիայի դերի նվազեցման վերաբերյալ,
  3. տարածաշրջանի նոր անվտանգային ճարտարապետության մեջ հայությանը և Հայաստանին որպես գործոն դիտելու և նրանց դեր վերապահելու պատրաստակամությունը,
  4. տարածաշրջանում քրդական և հայկական գործոնների կարևորության աճի զուգահեռականությունը տեսնելու միտումը:

ԱՄՆ-ում միջկուսակցական բացառիկ լարված հակասությունների պայմաններում այս բանաձևի ընդունման աննախադեպ երկկուսակցական համախոհությունն ու միաձայնությունը վկայում են այն մասին, որ ամերիկյան քաղաքականության վերոնշյալ փոփոխությունը երկարաժամկետ է և կախված չի լինելու առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքից:
Տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության ապագայի սցենարներում մեզ համար առկա է պատմականորեն հազվադեպ հանդիպող մի հնարավորություն, երբ ստեղծվում է մեծ ուժերի այնպիսի դասավորություն, որտեղ նոր կայուն հավասարակշռության առաջացումը կախված է լինում նաև փոքր ուժերի վարքից:
Նման հազվադեպ հնարավորությունները փոքր ուժերի համար իրենց կարգավիճակը որակապես բարելավելու և իրենց սուբյեկտությունը հաստատելու կամ դրա մակարդակը բարձրացնելու լավագույն միջոցներն են:
Եվ, ընդհակառակը, այդպիսի հնարավորությունները չօգտագործելու պարագայում դրանք հավելյալ, երբեմն՝ աղետալի, մարտահրավերներ են ստեղծում փոքր ուժերի համար: 
Թե այս բանաձևը, և թե մոտ ապագայի զարգացումները հայկական շահերին ծառայեցնելու պատմական հնարավորությունը կախված է լինելու ոչ միայն աշխարհաքաղաքական մեծ ու փոքր կենտրոնների միջև ուժային նոր հավասարակշռությունից, այլև հայկական գործող քաղաքական վերնախավի մտավոր և կամային հատկանիշների տրամաչափից, նրա կողմից պատմական պահի ճակատագրականությունը ըմբռնելու կարողությունից, ստեղծվող նոր հավասարակշռության մեջ դերակատարություն ստանձնելու և առաջացող հնարավորությունները հայկական ինքնիշխանության ամրապնդմանը ծառայեցնելու ամուր նպատակադրումից:
Պետք է հասկանալ, որ բանաձևը, այո, շատ կարևոր է պատմական արդարության վերականգնման տեսակետից, սակայն այն ավելի կարևոր է մեր և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման, ինչպես նաև առհասարակ՝ մեր ազգային ապագայի համար։
Ուստի բանաձևը և դրանով երևակվող միտումները թերագնահատելու, առավել ևս՝ անտեսելու ձևով իրավիճակին և զարգացումներին բավարար չափով համարժեք չլինելու հետևանքը կարող է նաև աղետալի լինել:
Համարժեք լինելու պարագայում բանաձևը և դրանով մեկնարկվող գործընթացները.

  1. լրացուցիչ զսպման երաշխիքներ կդառնան ՀՀ նկատմամբ Թուրքիայի հավանական ոտնձգությունների դեմ և կհավասարակշռեն Ռուսաստանից Հայաստանի անվտանգության միակողմանի կախյալությունը՝ էապես մեծացնելով իրապես ազգային անկախ պետություն կերտելու գործնական հնարավորությունները,
  2. հիմքեր կստեղծեն Ռուսաստանի և Թուրքիայի աճող մերձեցմամբ մեզ համար ծագող գոյութենական սպառնալիքի հավանականությունը չեզոքացնելու համար,
  3. Թուրքիայի համար կստեղծեն համակարգային պրոբլեմներ, ինչը նրան կստիպի տարածաշրջանային գերուժ ունեցող և իսլամական աշխարհի առաջնորդության ձգտող միջուկային տերություն դառնալու փոխարեն մտածել իր ամբողջականությունն ու ներկայիս կարգավիճակը պահպանելու ուղղությամբ,
  4. ճանապարհ կբացեն քրդական և հայկական գործոնների զուգադրման շնորհիվ Վիլսոնի իրավարար վճիռը դիվանագիտական շրջանառության մեջ դնելու և Ցեղասպանության հետևանքները հաղթահարելու, այդ թվում՝ Հայրենիքի նկատմամբ մեր անօտարելի իրավունքները և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, մասնավորապես՝ դրա համատեքստում Արցախի դե յուրե միացումն ամբողջացնելու համար: 

Բանաձևը հուշում է, որ սկսելու համար պետք է օր առաջ հրաժարվենք անվտանգության ապահովման առումով բոլոր «ձվերը» մեկ զամբյուղում դնելու մոտեցումից և ըստ ազգային անվտանգության գերակայությունների՝ ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Վրաստանի և մյուս դերակատարների հետ համապատասխան մակարդակի և խորության հարաբերություններ հաստատելու միջոցով դիվերսիֆիկացնենք մեր արտաքին-անվտանգային քաղաքականությունը:
Բանաձևը ընտրության ուղերձ է:
 

 

Լրահոս

Դիտել ավելին