Կարևոր իրադարձություններ

Բանաձևն ու Բաքվի սադրանքը. ԱՄՆ-ին պատասխանեցին Հայաստանի միջոցով. «Ժողովուրդ»

31 Հոկտեմբեր, 2019 09:37
Բանաձևն ու Բաքվի սադրանքը. ԱՄՆ-ին պատասխանեցին Հայաստանի միջոցով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց 1,5 մլն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:Հայության դրական արձագանքն էլ` վարչապետ Փաշինյանի մակարդակով, չուշացավ: Նկատենք, սակայն, որ այս փաստաթուղթն այժմ օրենքի պարտադիր ուժ չունի, բայց արձանագրում է՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը: Հիմա բանաձևը պետք է Սենատում քվեարկվի, միգուցե ինչ-որ փոփոխություններ լինեն, դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ստորագրի այն։ Եվ միայն այս ընթացակարգերն անցնելուց հետո բանաձևը կյանքի կկոչվի: Որ թուրք-ադրբեջանական տանդեմի բողոքի ձայնը լսվեց, բացարձակ սպասելի էր: Ավելին, բանաձևի ընդունումից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական սադրանքին գնաց՝ հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան գնդակոծեց Տավուշի մարզի բնակավայրերն ու դիրքերը` կիրառելով ավելի մեծ տրամաչափով զինատեսակներ: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 7.62 մմ տրամաչափով զենքերի փոխարեն այս անգամ կիրառվել է մի քանի անգամ ավելի մեծ՝ 23 մմ տրամաչափի զենք: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանական կողմին կոչ արեց զերծ մնալ սադրանքներից` հավելելով, որ դրանք անպատասխան չեն մնա: Արցախի ՊՆ-ն էլ երեկ առանձին հայտարարեց` ընդգծելով, որ վերջին օրերին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, և ավելի հաճախակի են օգտագործվում դիպուկահար զինատեսակներ: Այժմ հերթը թերևս միջազգային հանրության արձագանքինն է: Սպասե՞նք արձագանքի ՀԱՊԿ-ից, որի կանոնադարության 4-րդ հոդվածով` «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ընդգծեց, որ Ռուսաստանը թույլ չի տա` ԼՂ հակամարտության անարդարացի լուծում: «Նման փորձ ձեռնարկվեց նաև 2016 թվականի ապրիլին, և Ռուսաստանն ամեն ինչ արեց այն ամենաարագ կերպով դադարեցնելու և պայթյունավտանգ լարվածությունը նվազեցնելու համար: ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում»,- ամփոփեց Զատուլինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին