Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ն խորացրել է դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը. Լիլիթ Մակունց

22 Հոկտեմբեր, 2019 15:00
ՍԴ-ն խորացրել է դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը. Լիլիթ Մակունց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համարում է, որ Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց նախագիծը վարույթ չընդունելով խորացրել է դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը: Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«ՍԴ-ն, ըստ էության, պատասխան չի տվել ԱԺ-ի կողմից ներկայացված այն մտահոգություններին, հարցադրումներին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին: Այսինքն` առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, մտահոգությունները, խնդիրները, որոնք արծարծված են եղել նախագծում»,-ասաց Մակունցը:

Նրա կարծիքով՝ ՍԴ-ի կողմից ԱԺ-ի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արձագանք կստանա: Մակունցի կարծիքով՝ դատարանը ոչ միայն պատրաստ չէ և չի ուզում լուծումներ տալ առկա խնդիրներին, այլ նաև չի ուզում դրանք քննարկել: «Դրանով իսկ խորացրել են վստահության ճգնաժամը, որը կա ՍԴ-ի նկատմամբ»,-նշեց խմբակցության ղեկավարը:

ՀՀ սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին որոշում էր կայացրել մերժել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը վարույթ ընդունել: ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին