Կարևոր իրադարձություններ

Գաղափարներիս և մտքերիս հիմնական ներշնչանքի աղբյուրը բնությունն է. կայացավ Նազիկ Ասլանյանի գեղանկարների ցուցահանդեսը

21 Հոկտեմբեր, 2019 19:39
Գաղափարներիս և մտքերիս հիմնական ներշնչանքի աղբյուրը բնությունն է. կայացավ Նազիկ Ասլանյանի գեղանկարների ցուցահանդեսը

Հոկտեմբերի 21-ին Երևանի Նկարիչների միությունում կայացավ հայ նկարչուհի Նազիկ Ասլանյանի «Իրականության բացահայտումներ» անհատական ցուցահանդեսը և թվով երրորդ պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված էին նկարչուհու վերջին 3 տարիների աշխատանքները, ցուցադրված էին 50-ից ավելի գեղանկարներ: Նկարչուհի Նազիկ Ասլանյանը Shabat.am-ի հետ կիսվեց ցուցահանդեսի տպավորություններով.

«Ցուցահանդեսը կրում է «Իրականության բացահայտումներ» խորագիրը, կարծում եմ իրականության և ճշմարտության մասին մեր պատկերացումներն ամուր միահյուսված են ստեղծագործական և երևակայական պատկերացումների հետ։ Այսօր նաև իմ հրատարակված պատկերագրքի շնորհանդեսն է, որտեղ ցուցադրված են այստեղի նկարները»։

Նազիկ Ասլանյանի նկարները ցուցադրված են շարքերով, ներկայացված է 4 շարք, որոնք իրենց մեջ խնդիրներ և լուծումներ են պարունակում. «Գաղափարները և մտքերն են, որ միացնում են իմ նկարներն իրար և ստեղծվում են շարքեր: Նոր մոտեցումներից է «Բնությունը» շարքը, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներ եմ օգտագործել դասական կտավ-յուղաներկի հետ: Հաջորդը «Արև» շարքն է, որտեղ  կարող ենք տեսնել 3 թափանցիկ շերտերով ստեղծված պատկերը։ «Ծաղիկը» շարքը հենակետ է՝ արտահայտելու մարդու անհատականությունը, իսկ «Իրականությունը» շարքը աբստրակտ նկարների շարք է: Կոչել եմ «Իրականաություն», որովհետև գտնում եմ, որ այն երևույթները, որոնք անտեսանելի են, ինչպիսին են մտքերը, զգացմունքները, շատ ավելի կարևոր դեր են կատարում մեր «իրականությունում»,-ընդգծեց Ասլանյանը:

Shabat.am-ի հարցին, թե ո՞րն է նկարչուհու ոգեշնչման աղբյուրը՝ Ասլանյանն ասաց.

«Գաղափարներիս և մտքերիս հիմնական ներշնչանքի աղբյուրը բնությունն է. բոլոր գաղափարներն ու մտքերը ես վերցնում եմ բնությունից։ Նայում եմ նկարին... կարծես դիտողը ստեղծագործում է նկարչի հետ»:

Ցուցահանդեսին  ներկա էր նաև նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, որը բարձր է գնահատում Նազիկ Ասլանյանի նկարչական տաղանդը.

«Նազիկ Ասլանյանը Նկարիչների միության մեր ակտիվ անդամներից է, ես շատ ուրախ եմ, որ այսօր բացվեց նրա անհատական ցուցահանդեսը: Ամեն անգամ, երբ Նազիկ Ասլանյանը բացում է իր ցուցահանդեսը, մի նոր աշխարհ է ցուցադրում, դա նշանակում է, որ նա մտածող և արարող նկարչուհի է: Շնորհավորում եմ նրան և ցանկանում մեծ ստեղծագործական կյանք»,-եզրափակեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Նազիկ Ասլանյանը դեռևս 1993 թվականից անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում՝  Լոնդոն, Վաշինգտոն, Կանադա, Սոֆիա, Նյու Յորք, Բեյրութ և այլն:

Աննա Ղազարյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին