Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ

20 Հոկտեմբեր, 2019 19:05
Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ

Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է, «Ամերիկայի ձայն»-ին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը: Հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրի խոսքով՝ «Թավշյա հեղափոխությունից» ի վեր երկրի նոր կառավարությունը կարևոր առաջընթաց է արձանագրել.

«Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է, և մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ և նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի լուրջ ներուժ և կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանային և միջազգային առումով»:

Մասնավորապես, խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային և ֆինանսատնտեսական ոլորտի բարեփոխումների մասին է, նշում է Ազուրը: Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա համաժողովին մասնակցող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, Հայաստանը կարևորում է ֆինանսական հսկայական կառույցների հետ համագործակցությունը, որը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի կառավարության ծրագրերից:

Անդրադառնալով 2019-2021թթ. Հայաստանում 5-տոկոսանոց տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային բանկի կանխատեսումներին՝ փոխվարչապետը նշեց, որ երկրի իշխանությունները հիմնական շեշտը դնում են տնտեսական աճի ուղղակի ազդեցությանը քաղաքացիների կյանքի բարելավման վրա.

«Սպասումների ձեւավորումն ավելի շատ վերաբերում է ոչ թե նոմինալ արտահայտմանն այլ թե որքանով դա կանդրադառնա մարդկանց կյանքի որակի և սոցիալական պաշտպանվածության վրա»:
 

Լրահոս

Դիտել ավելին