Կարևոր իրադարձություններ

Երևանը 2801 տարեկան է

19 Հոկտեմբեր, 2019 10:01
Երևանը 2801 տարեկան է

Երևանը 2801 տարվա պատմություն ունի։ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրել է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դարձել է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից.

«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից։ Ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան:

«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. Նշվել է մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակը։ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարել է «Էրեբունի-Երևան» օրհներգը։
Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երևանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվել է «Էրեբունի», բացվել է 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվել Հանրապետության հրապարակում, նախագծվել «Էրեբունի» գորգը, 2750 ծառ տնկվել Արին-Բերդի ստորոտում։

Այս տարի տոնին նվիրված միջոցառումներն առաջին անգամ կանցկացվեն ապակենտրոնացված ձևաչափով։ Միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին