Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Չորս գործ ուղարկվել է դատախազություն. քանի՞ պաշտոնյա է խուսափել հայտարարագրել ունեցվածքը

19 Հոկտեմբեր, 2019 08:58
«Փաստ». Չորս գործ ուղարկվել է դատախազություն. քանի՞ պաշտոնյա է խուսափել հայտարարագրել ունեցվածքը

«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրերի դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր չի ներկայացրել 18 անձ: 

Այս մասին «Փաստի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ հավելելով, որ այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ, իսկ գործերի քննությունը տեղի կունենա առաջիկա օրերին:

Նաև հարցրել էինք, թե նույն ժամանակահատվածում վարչական իրավախախտումների վերաբերյալ քանի՞ գործ է հարուցվել, քանի՞ պաշտոնյայի նկատմամբ է վարչական տույժ կիրառելու մասին որոշում կայացվել և կա՞ն, արդյոք, ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված գործեր:

Ի պատասխան՝ հանձնաժողովից նաև հավելել են. «2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել 6 պաշտոնատար անձ: 

Այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ և կիրառվել վարչական տույժեր: 

2019թ. հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 4 գործ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Փաստը» հայտնել էր, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 188 պաշտոնատար անձ չէր ներկայացրել տարեկան հայտարարագրերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին