Կարևոր իրադարձություններ

Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ

18 Հոկտեմբեր, 2019 14:43
Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է. խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը. ՍԱՏՄ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը և խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձև աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է:

Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի և խոհանոցի գործունեությունը կասեցվել է մինչև դրանց հիմնանորոգման ավարտը և հայտնաբերված խախտումների վերացումը:

Արտաշատի ավագ դպրոցում հանրային սննդի կետեր չկան: 

Տեսչական մարմինը նաև դիմել է ՀՀ դատախազությանը՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր առ այն, որ Արտաշատի թիվ 2 հիմանակն դպրոցում անցկացված վերահսկողողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել է մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական:

Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետից վերցված պիցցայի նմուշների լաբորատոր փորձաքննության տվյալներով՝ դրանցում պաթոգեն մանրէներ՝ սալմոնելա և ոսկեգույն ստաֆիլակոկ, չի հայտնաբերվել: Աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների (ՄԱՖԱՄ) նկատմամբ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն մյուս առաջիկա շաբաթվա սկզբին:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին, սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է  Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված և մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Հոկտեմբերի 16-ին և 17-ին ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի և Երևանի կենտրոնից գործուղված տեսուչները վերահսկողություն են իրականացրել Արտաշատի բոլոր դպրոցներում:

Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի և Երևանի դպրոցներում:

 

Լրահոս

Դիտել ավելին