Կարևոր իրադարձություններ

Արման Սարգսյանի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվել են

16 Հոկտեմբեր, 2019 20:06
Արման Սարգսյանի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվել են

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնազոհության և սխրագործության համար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, նույն վաշտի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտը պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկան: Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին, ապա երկուսով դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

 

Լրահոս

Դիտել ավելին