Կարևոր իրադարձություններ

Տոնոյանը և արտերկրի մասնագետները հետևել են խաղաղապահների ստուգողական զորավարժությանը

16 Հոկտեմբեր, 2019 14:27
Տոնոյանը և արտերկրի մասնագետները հետևել են խաղաղապահների ստուգողական զորավարժությանը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվել է զորավարժություն, որին ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը, ինժեներասակրավորային դասակը և զինված ուժերի դաշտային շարժական հոսպիտալը:

Մինչ այդ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» թեմայով վարժանքներին մասնակցող անձնակազմի շարային ստուգատես: Արտերկրից ժամանած դիտորդական խմբի ներկայացուցիչները հետևել են շարային ստուգատեսի ընթացքին, ծանոթացել խաղաղապահների հանդերձանքին, համալրվածությանը և պատրաստվածությանը: Ստուգատեսի ավարտին խաղաղապահները մեկնել են վարժանքների անցկացման վայր՝ «Զառ» ուսումնական կենտրոն:

Այնտեղ անցկացված զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը և միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը, իսկ գլխավոր առանձնահատկությունը՝ բազմազգ միջավայրում նշյալ ստորաբաժանումների համատեղ գործելու ունակությունների ներդաշնակումը և դաշտային վարժվածության կատարելագործումն էր:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դիտորդների ներկայությամբ ընթացող գործնական վարժանքներին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:

Զորավարժության մտահաղացման համաձայն՝ պայմանական հակամարտության գոտում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը և ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը:

Ներգրավված ստորաբաժանումների որակավորմանը միտված վարժանքների շրջանակում խաղարկվել են միջազգային խաղաղարար առաքելությունների ընթացքում հանդիպող պայմանական մի շարք մարտավարական դրվագներ: Ուսումնական կենտրոնում բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում և այլ օպերատիվ միջոցառումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին