Կարևոր իրադարձություններ

Արման Սարգսյանն այցելեց գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանին

16 Հոկտեմբեր, 2019 12:13
Արման Սարգսյանն այցելեց գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը գրանցված միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկանին, ով գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Լրագրողների հետ զրույցում բուժող բժիշկ, նյարդավիրաբույժ Ալեքսանդր Վարոսյանը հայտնեց, որ վիրավոր ոստիկանի վիճակը կայուն է, ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում: «Հիմա վիճակը կայուն է գտնվում է հսկողության տակ, ստանում է կոնսերվատիվ բուժում: Ի ուրախություն մեզ գլխուղեղում տրավմատիկ բնույթի փոփոխություններ չեն արձանագրվել, սակայն նախնական ախտորոշմամբ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում: Երկու-երեք օրվա ընթացքում դուրս կգրվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:  

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հայտնեց, որ վիրավորում ստացած ոստիկանը ոչ միայն կշարունակի աշխատել ոստիկանության համակարգում, այլ նաև խոստացել է բարձրագույն կրթություն ստանալ, որպեսզի միջին խմբում պաշտոն ստանա ու սպայական կոչումներ շնորհվեն:

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին