Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը

15 Հոկտեմբեր, 2019 19:41
Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ իրենք տվյալ դատավարության ժամանակ միջնորդել են արտագնա նիստ անցկացնել հիվանդանոցում:

«Մենք այդ միջնորդությունը ներկայացրինք, քանի որ մեր պաշտպանյալը տեղաշարժման խնդիր ունի և չի կարող դատարանում ներկա գտնվել: Արտագնա նիստ անցկացնելը պրակտիկայում ընդունված է, սակայն դատարանը մերժեց նաև մեր այդ միջնորդությունը»,- ասաց Մկրտչյանը:

Փաստաբանն ընդգծեց, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդության համար հիմք էր հանդիսացել հոկտեմբերի 10-ին «Նաիրի» ԲԿ-ում հրավիրված բժշկական կոնսիլիումը, որով, ըստ պաշտպանի, հիմնավորվել է, որ Գրիգորյանի մոտ 4-5 նոր հիվանդություն է հայտնաբերվել։

Նա նաև շեշտեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Երևանի ընդհանուր իրավասության դատարանին խնդրել են որոշ փաստաթղթեր տրամադրել, ինչն արդեն մի քանի օր է` ինչ չի տրամադրվում: «Մենք ՄԻԵԴ ենք դիմել խափանման միջոցը փոխելու հարցով և որոշ փաստաթղթեր ներկայացնելու համար դեռ ուրբաթ օրը դիմել ենք դատարան, սակայն դեռևս արձագանք չկա»,- ասաց Արսեն Մկրտչյանը: Դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը ներկայացված միջնորդությունները որակեց անհիմն:

«Ընդհանուր դրույթներով փաստաբանների միջնորդությունը նույնաբովանդակ է, հենց այդ պատճառով էլ այս միջնորդությունը ևս ենթակա է մերժման: Մանվել Գրիգորյանը գտնվում է լավագույն ԲԿ-ներից մեկում, ինչն, ըստ էության, հենց նրա ընտրությունն է եղել»,- նշեց դատախազ Վահե Դոլմազյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին