Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին և նրանց ծնողներին է ներկայացրել իր և թոռնուհու՝ Սավաննայի հեղինակած «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի հայերեն տարբերակը։
Ոգևորված փոքրիկները տիկին Սարգսյանին պատմել են, թե իրենք ինչի մասին կցանկանային հեքիաթ գրել։ Նունե Սարգսյանը տեղեկացրել է, որ Սավաննայի հետ սկսել են աշխատել երկրորդ գրքի վրա, սակայն դեռևս չի բացահայտել հեքիաթի բովանդակությունը։
«Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր Ալվարդ Ջիվանյանը նշել է, որ տպավորված է Նունե Սարգսյանի և Սավաննայի գրքով, քանի որ նրանք կարողացել են «խնամքով ներկայացնել երեխաների չարաճճիությունները»։ «Բոլորիս երեխաները պատերին նկարում են, բայց բոլորս չէ, որ դա նկատում ենք: Տիկին Սարգսյանը դա նկատել և բացառիկ խնամքով ամրագրել է»,-ասել է «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչը և հույս հայտնել, որ տիկին Նունե Սարգսյանի հետ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի։