Կարևոր իրադարձություններ

«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թեկնածուի անունը

07 Հոկտեմբեր, 2019 11:40
«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կհրապարակի նախագահի սեփական թեկնածուի անունը

Արցախի առաջատար «Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020թ․ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ անգամ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության նախագահին, ինչպես նաև նախանշել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք առաջիկա ժամանակահատվածում»,- նշել է Ա․ Հարությունյանը և ավելացրել, որ սպասվող համագումարի օրակարգային հիմնական հարցերից է լինելու գալիք համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցության ձևաչափը:

Գրառման մեջ նշվում է, որ մասնավորապես որոշում է կայացվելու սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

 Արայիկ Հարությունյանը չի թաքցրել նաև, որ հավանական թեկնածուն լինելու է ինքը՝ այդ առթիվ նշելով, որ կուսակցության տարածքային բոլոր կառույցներից իր թեկնածության առաջադրման շուրջ ստացել է առաջարկներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի համագումարի ժամանակ:
 

Լրահոս

Դիտել ավելին