Կարևոր իրադարձություններ

«Լավրովը մխիթարում է Ադրբեջանին, նրա առաջ «խաղալիք թափահարում», ինչպես քմահաճ երեխայի առաջ». «168 ժամ»

05 Հոկտեմբեր, 2019 09:30
«Լավրովը մխիթարում է Ադրբեջանին, նրա առաջ «խաղալիք թափահարում», ինչպես քմահաճ երեխայի առաջ». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թեպետ մխիթարում է Ադրբեջանին, բայց նրա խոսքերը որպես քաղաքական որոշիչ հայտարարություն չպետք է մեկնաբանել: «168 Ժամի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային մշակութային դիվանագիտության ոլորտի փորձագետ Դենիս Դվորնիկովը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ «Վալդայ» համաժողովի շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ արած հայտարարությանը, թե քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից:

Լավրովը նաև ավելացրել էր. «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Դ. Դվորնիկովը, սակայն, գտնում է, որ պետք չէ խորը իմաստ փնտրել նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ երկրորդ օրվա խոսքերի մեջ:

«Երկար ժամանակ ինքը՝ Լավրովը, անգամ՝ Մարիա Զախարովան պարբերաբար բավականին զգացմունքային հայտարարություններ էին անում Ադրբեջանի հասցեին՝ պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների հետ կապված: Հաշվի առնելով դա, ինչպես նաև ՌԴ-ի նախագահի այցը Երևան և նրա բարեկամական շփումը Փաշինյանի հետ, կոնֆետ պահանջվեց նաև Ադրբեջանի համար: Եվս մեկ կարևոր պահ. Լավրովն ընդգծեց, որ իրավիճակը շփման գծում կայուն է: Կարծում եմ՝ թեթև և նշանակություն չունեցող նախատինքը՝ ուղղված Երևանին, արվել է նաև իրավիճակը քիչ թե շատ հանդարտ մակարդակում պահպանելու համար:

Փորձագետները վաղուց նկատել են, որ ադրբեջանական կողմը պարբերաբար արձագանքում է քաղաքական հայտարարություններին նոր սադրանքներով: Ամեն դեպքում, Լավրովի խոսքերը պետք չէ մեկնաբանել՝ որպես քաղաքական որոշիչ հայտարարություն: Դա ոչ ավել է, քան հանգստացնող էֆեկտով հռետորական լրացում՝ Բաքվի համար»,- շեշտեց Դվորնիկովը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նա նշեց, որ դրանք կայուն են, առկա է նորմալ միություն, փոխադարձ կախվածություն:

«Ինչպես ես ավելի վաղ ասել եմ՝ փոփոխություններ կլինեն տասը տարի հետո՝ քաղաքական սերնդի փոփոխության հետ մեկտեղ: Հայաստանի երիտասարդությունը նայում է դեպի Արևմուտք, որովհետև հյուսիսում չկան գրավող պատկերներ, որին ցանկություն է առաջանում մոտենալ, միանալ:

ՌԴ-ի մշակութային դիվանագիտությունը ճգնաժամի մեջ է, և ելքը դեռևս չի երևում»,- ամփոփեց Դվորնիկովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին