Կարևոր իրադարձություններ

Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար. Աննա Նաղդալյան

04 Հոկտեմբեր, 2019 18:17
Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար. Աննա Նաղդալյան

Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական եւ հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին: Այս մասին մեկնաբանություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով «Վալդայ» համաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին:

Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որեւէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական եւ հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում:

Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձեւը, համաձայն որի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովորդների համար:

Այս բանաձեւն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն,  խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաեւ իրենց ժողովուրդների առջեւ ղեկավարների պատասխանատվության եւ հաշվետվողականության ամրագրմանը:

Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որեւէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլեւ նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը:  ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի եւ ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսեւորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը եւ հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության եւ զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը եւ Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության եւ հետքի վերացումը:

Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները եւ Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրա արդյունավետ դիմակայումը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձեւակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջեւ ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ:

Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը եւ տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն եւ այդ տեսակետից կարեւորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին