Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին

03 Հոկտեմբեր, 2019 23:06
ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: Այս մասին հայտնում են բուհի լրատվական բաժնից:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգային և ընթացիկ հարցերի սպառումից հետո գիտխորհուրդը քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասաց, որ քննարկման ընթացքում կներկայացվեն դիտարկումներ, կլինեն ելույթներ, բացի դրանից՝ բոլորը կարող են հանդես գալ գրավոր առաջարկություններով մինչև վաղը՝ ժամը 12:00-ը. «Բոլոր առաջարկությունները կհամակարգվեն և կներկայացվեն ամսի 5-ին տեղի ունենալիք ռեկտորների խորհրդի նիստին: Այսինքն՝ ոչ միայն գիտխորհրդի միասնական կարծիքն է ներկայացվելու, այլև անհատների առաջարկները»:

«Նախքան նախագծի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելը՝ ուզում եմ սկզբունքային հանգամանք շեշտել: Ըստ իս՝ օրենք գրելուց առաջ պետք է քննարկել հիմնական սկզբունքները, այսինքն՝ համաձայնության գալ ընդհանուր հայեցակարգի շուրջ, այնուհետև հանձնարարել մասնագետների խմբին, որոնք պրոֆեսիոնալ ձևով օրենք կգրեն: Իհարկե, դրանից հետո էլ կարող են քննարկումներ և առաջարկներ լինել, բայց դրանք արդեն թեթև խմբագրական բնույթ կունենան: Օրենքի այս նախագիծն արդեն երրորդ տարին է շրջանառվում, դրույթներ կան, որ ներառվում են, հետո հանվում: Պարզ չէ, թե որ պահին պիտի ամրագրենք, որ ընդունելի լինի գիտակրթական հանրությանը: Միակ հիմնարար նոր դրույթը, որ այսօր կա այս նախագծում, գիտության ներառումն է»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա նշեց, որ օրենքի այս նախագծի համաձայն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը գրեթե զրոյացվել է, սակայն առաջարկեց դրա վերաբերյալ քննարկում չծավալել այսօր՝ հույս հայտնելով, որ դրա հետ կապված առանձին քննարկում կկազմակերպվի:

Գեղամ Գևորգյանը գիտխորհրդին ներկայացրեց այն դրույթները, որոնք առարկելի են: Մասնավորապես՝ առաջին նկատառումը վերաբերում էր օրենքի նախագծի գլուխ 1-ի այն  դրույթին, ըստ որի՝ անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին:

«Բազմիցս քննարկվել է այս հարցը: Ես առաջարկում եմ նախագծում ներդնել դոկտորի գիտական աստիճանը, որը տրվում է գիտակրթական ծրագրերի իրականացման և դոկտորական ատենախոսության պաշտպանության արդյունքում: Թե որ աստիճանն ինչ գիտական չափորոշիչների պետք է համապատասխանի, դա թող որոշվի»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Որպես հիմնավորում՝ նա փաստեց, որ այն պնդումը, թե արևմտյան բոլոր երկրներում գործում է մեկ աստիճան, սխալ է. «Գրեթե բոլոր երկրներում կա երկրորդ աստիճանը: Չկա ԱՄՆ-ում, բայց դրա փոխարեն այնտեղ կա լուրջ ֆինանսավորում: Այսինքն՝ տարբերակում են՝ ըստ ստացած գումարի: Բացի դրանից՝ գաղտնիք չէ, որ շատ երիտասարդներ այս կամ այն կերպ պաշտպանել են թեկնածուական ատենախոսությունը, և կան երիտասարդներ, որոնք հաջողությամբ պաշտպանել են այն և նույնիսկ՝ դոկտորական ատենախոսությունը: Հիմա նրանց բոլորին մեկ հարթության մեջ դիտարկելը սխալ է»:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հաջորդ դիտարկումը վերաբերում էր օրենքի նախագծի այն դրույթին, որով պարտադիր են սահմանվում ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացները. «Եթե ծրագրային հավատարմագրումը պարտադիր լինի, այն ֆինանսական լուրջ բեռ կդառնա համալսարանի համար, քանի որ մենք ունենք 50-ից ավելի բակալավրիատի և 120-ից ավելի մագիստրոսական ծրագրեր: Այն պահանջելու է նաև աշխատանքային լուրջ ռեսուրս: Ես առաջարկում եմ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը լինի պարտադիր, իսկ ծրագրային հավատարմագրումը՝ կամավոր»:

Անցնելով հաջորդ դիտարկմանը՝ Գեղամ Գևորգյանն առաջարկեց ավելացնել, որ բուհը ինքնուրույն է որոշում նաև բոլոր տարակարգերի աշխատավարձերը, հաստիքացուցակը, վարձավճարների չափը, ընդ որում՝ առանց վերևից սահմանափակման. «Այսօր օրենքով վարձավճարի չափը սահմանափակված է վերևից: Եթե լիներ ներքևից, գուցե հասկանալի լիներ այն իմաստով, որ կասկածի տեղիք տար տրամադրվող կրթության որակը: Սակայն վերևից սահմանափակումը սխալ է, մանավանդ որ բոլոր բուհերը չեն ենթարկվում դրան: Մեր դեպքում վերևից սահմանափակումը կազմում է 1 մլն դրամ, իսկ օրինակ ՀԱՀ-ինը 1.5-2 մլն դրամ»:

«Հոդված 10-ի 5-րդ կետը սահմանում է, որ բուհերում դասավանդման լեզուն գրական հայերենն է: Սակայն Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի հավաստմամբ, արևմտահայերենը նույնպես համարվում է գրական լեզու: Այսինքն՝ ճշգրտման կարիք կա»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Ծավալված կարճ քննարկումից հետո, սակայն, Գ. Գևորգյանը հրաժարվեց այս առաջարկից:

Նրա հաջորդ առաջարկը վերաբերում էր օրենքի նախագծի հոդված 10-ի 13-րդ և 14-րդ կետերին, ըստ որոնց՝ համապատասխանաբար նշվում է, որ ՀՀ բարձրագույն կրթության համակարգում բոլոր կրթական մակարդակների աստիճանաշնորհող ծրագրերում ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը առավելագույնը 60 կրեդիտ է, և լրիվ բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը պարտավոր է բուհի տվյալ կրթական ծրագրով սահմանված ուսուցման համար նախատեսված ժամկետում կուտակել տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 75 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ, իսկ մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողը՝ տարեկան ուսումնական բեռնվածության առնվազն 50 տոկոսին համապատասխան գումարային կրեդիտներ. «Չի նշվում, թե ինչի 75 տոկոսը կամ ինչի 50 տոկոսը»:

«Վիճահարույց է նաև 15-րդ կետը, ըստ որի՝ մասնակի բեռնվածությամբ ուսումնառող ուսանողի ուսումնառության ընդհանուր տևողությունը բակալավրի համար առավելագույնը 8, իսկ մագիստրոսի համար՝ 4 ուսումնական տարի է: Եթե ուսանողն ընդունվել է պայմանով, որ պետք է սովորի 8 տարի, իսկ այդ ընթացքում 4 տարվա ուսումնական ծրագրում եղել է փոփոխություն, ապա ինչպե՞ս պետք է նա ավարտի: Հնարավո՞ր է՝ նրան ստիպեն հանձնել բոլոր փոփոխությունները: Պետք է նշել մեխանիզմները»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը և ասաց, որ դրանք անորոշ են և հստակեցման կարիք ունեն:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն առաջարկեց նաև խմբագրել հոդված 18-ի 10-րդ կետի վերջին նախադասությունը. «Այդ կետը սահմանում է, որ բարձրագույն կրթության առաջին մակարդակի ընդունելության կարգը, ընդհանուր պահանջները և մրցույթի անցկացման ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դրանց հիման վրա բուհը հաստատում և հրապարակում է մրցույթի կարգը և չափանիշները: Առաջարկում եմ ավելացնել, որ բուհը նաև իրականացնում է մրցույթ»:

Անդրադառնալով հոդված 19-ի 2-րդ կետին՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ մեծ երևակայություն է պետք նման սահմանում գրելու համար. «Ըստ այդ դրույթի՝ դասախոսները և գիտական աշխատողները, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են կամավոր հիմունքներով ստեղծել հասարակական միավորումներ, ներառյալ` ակադեմիական, գիտական, գիտատեխնիկական ընկերություններ, միություններ, որոնք նպատակաուղղված գործունեություն են ծավալում գիտության համապատասխան բնագավառի զարգացման ուղղությամբ: Ստացվում է՝ վերջում դրվում են սահմանափակումներ, որոնք խախտում են մարդու սահմադրական իրավունքները: Օրինակ՝ մենք կարող ենք հավաքվել և ստեղծել շրջանավարտների միավորում՝ հավաքվելու և զրուցելու: Ստացվում է, որ չի՞ կարելի: Առաջարկում եմ հանել այդ կետը»:

Գեղամ Գևորգյանը անդրադարձավ օրենքի նախագծի գլուխ 4-ի հոդված 22-ին՝ առաջարկելով սահմանել բուհերի տեսակները: Հոդված 23-ի 1-ին կետի երկրորդ ենթակետի վերաբերյալ էլ նա առաջարկեց «ակադեմիական խորհուրդը» փոխարինել «գիտական խորհրդով»:

Հոդված 30-ի 4-րդ կետը, Գեղամ Գևորգյանի փոխանցմամբ, արդեն մի քանի տարի է, ինչ քննարկվում է. «Ո՞վ է գիտական խորհրդի նախագահը: Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք՝ բացի ռեկտորից, պրոռեկտորներից, վարչական աշխատողներից: Այդ կետով սահմանվում է, որ բուհի ռեկտորը և բուհում վարչական պաշտոն զբաղեցնող (կամ ռեկտորի կողմից ակադեմիական խորհրդում նշանակված) անձը չեն կարող ընտրվել ակադեմիական խորհրդի նախագահ: Սա ոչ մի լավ բան չի բերի բուհին: Առաջարկում եմ՝ նշվի, որ գիտական խորհրդի նախագահը ռեկտորն է»:

«Այդ նույն հոդվածի 7-րդ կետով էլ սահմանվում է, որ Ակադեմիական խորհրդի որոշման վրա բուհի ռեկտորն ունի արգելք դնելու իրավունք, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բուհի կանոնադրությանը: Մեկամսյա ժամկետում նույն որոշումն ակադեմիական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունվելու դեպքում, այն համարվում է ակադեմիական խորհրդի կողմից ընդունված և պարտադիր բուհի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների համար: Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ երկար քննարկում էինք, թե ինչպես կարելի է անվանել այս սահմանումը, բայց համապատասխան անուն չգտանք: Առաջարկում եմ այս կետն ընդհանրապես հանել»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով հոդված 31-ի 2-րդ կետին, որը սահմանում է, որ հանրային բուհի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան և բուհում դասավանդման կամ գիտական կամ վարչական աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ, գիտական աստիճան և բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտի առնվազն 5 տարվա փորձ, Գեղամ Գևորգյանը խնդրեց պարզաբանել, թե որն է ստաժի և փորձի տարբերությունը:

«Իմ կարծիքով, համալսարանի մասին խոսելիս 5 տարին քիչ է: Առաջարկում եմ հետևյալը. քանի որ բուհերը տարբեր են, և եթե պահպանում են երկաստիճան համակարգը, ապա բուհի ռեկտորին առաջադրվող չափանիշները պետք է ամրագրել բուհի կանոնադրության մեջ: Կարող է լինել բուհ, օրինակ՝ արվեստի բուհերը, որի ռեկտորի վաստակավոր կոչում ունենալը բավարար է»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Օրենքի նախագծի հոդված 31-ի 8-րդ կետով սահմանվում է, որ բուհի պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) և դեկանները նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) կողմից, և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Իմ կարծիքով, այստեղից պետք է հանել դեկաններին: Նրանք նշանակովի լինել չեն կարող: Գուցե փոքր բուհում՝ այո, բայց ոչ մեր բուհում: Ես առաջարկում եմ ոչ միայն դեկաններին հանել այս կետի սահմանումից, այլև նրանց և ամբիոնների վարիչների համար սահմանել դրույթ, ըստ որի՝ նրանք ընտրվում են ֆակուլտետներում և վերջ՝ առանց վերահաստատումների և քննարկումների»,- նշեց Գեղամ Գևորգյանը:

«Չափազանց շատ են դրույթները, որոնք պետք է ամրագրված չլինեն օրենքով: Օրինակ՝ հաշվետությունների վերաբերյալ դրույթները, դրանք պետք է կարգավորվեն կամ Կառավարության, կամ նախարարության որոշումներով»,- նախքան մյուս դիտարկմանն անցնելը՝ ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Գեղամ Գևորգյանի համար առարկելի էր նաև հոդված 34-ի 3-րդ կետը, որով նշվում է, թե հանրային բուհի կամ գիտական կազմակերպության աուդիտ իրականացնող կազմակերպությունը պարտավոր է եզրակացություն ներկայացնել պետական ֆինանսական կառավարման ու կրթության և գիտության օրենսդրությանը բուհի կամ գիտական կազմակերպության գործունեության համապատասխանության վերաբերյալ: Եզրակացությունը պետք է ներառի «արժեք փողի դիմաց» գնահատականը, որը պետք է անդրադառնա բուհի կամ գիտական կազմակերպության գործունեության նպատակայնությանը և արդյունավետությանը, ինչպես նաև ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը և խնայողությանը:

«Բացի նրանից, որ այս կետն օրենքին չի համապատասխանում, մեզ՝ բոլորիս, հայտնի է, որ կան մասնագիտություններ, որոնց ուսուցումն ավելի թանկ է արժենում, քան մենք ստանում ենք պետությունից և ուսանողից: Եվ կա հակառակը: Մենք միասնական բուհ ենք, միասնական քաղաքականություն ենք վարում: Մենք չենք կարող ասել, թե այս մասնագիտությունը գումար չի բերում, ուրեմն մեզ պետք չէ: Այս երկրին, օրինակ,  երկրաբաններ հաստատ պետք են: «Արժեք փողի դիմաց» սահմանումը սխալ է և ավելորդ»,- պարզաբանեց Գեղամ Գևորգյանը և ասաց, որ օրենքի նախագծի լավ դրույթներից մեկն այն է, որ տարածքի վարձակալման շահույթը մնում է բուհին:

Նրա համար քննարկման նյութ էր նաև հոդված 36-ի 1-ին կետը, ըստ որի՝ բուհերը կարող են սահմանել կրթական ծառայություններ մատուցելու համար ըստ կրթական ծրագրերի ուսման վարձի չափը: Պետական բյուջեից բարձրագույն կրթության տրամադրման ծառայությունների համար ֆինանսավորում ստացող բուհերը պարտավոր են լիազոր պետական մարմնին ներկայացնել կրթական ծրագրերի ուսման վարձի մեծության հաշվարկը: Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթական ծրագրերի ուսման վարձի մեծության հաշվարկի  մեթոդաբանությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Շուկայական պայմաններում, իսկ մենք ապրում ենք այդ պայմաններում, որոշելու մի ձև կա՝ առաջարկ-պահանջարկ բանաձևը: Մնացած բոլոր հիմնավորումները մեր գործն է, բայց հաշվետվություն տալ, թե գինն այսքան է, որովհետև ծախսերն այսքան են, կստացվի «արժեք փողի դիմաց» գնահատականով շարժվել: Դրա համար կարծում եմ՝ հիմնավորման կարիք չկա»,- մեկնաբանեց Գեղամ Գևորգյանը:

Նա հայտնեց, որ օրենքի նախագծի 6-րդ գլխի հոդված 37-ում բաց է մնացել ՈՒԳԸ-ի մասը. «Այն տարրալուծվել է ՈՒԽ-ի մեջ, բայց իմ կարծիքով դրանք երկու կարևոր, բայց տարբեր կառույցներ են: Դրանք պետք է տարանջատել»:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ հոդված 38-ի 10-րդ կետով էլ նշված են բուհի ընտրովի պաշտոնները, որտեղ պետք է ավելացնել նաև դեկաններին:

«Նույն հոդվածի 13-րդ կետով էլ սահմանվում է, որ բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալումն իրականացվում է բաց մրցութային կարգով՝ 5 տարի ժամկետով: Ինձ թվում է՝ ճիշտ կլինի առաջին անգամ սահմանել մինչև 5 տարի, քանի որ ունենում ենք դեպքեր, երբ դասախոսական հմտությունների տեսանկյունից անհայտ մարդիկ են շահում մրցույթը, և նրանց հետ միանգամից 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելը ճիշտ չէ»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա անդրադարձավ նաև նույն հոդվածի 15-րդ կետին, ինչը սահմանում է՝ բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական կամ գիտական ստորաբաժանման (ամբիոն) ղեկավարի պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

«Այսինքն՝ եթե լրանում է ամբիոնի վարիչի 65 տարեկանը, ապա նա պետք է դուրս գա: Եթե այդ մոտեցումն ինչ-որ առումով ընդունելի է ռեկտորի կամ դեկանների պարագայում, ապա այս դեպքում լրիվ անընդունելի է: Մենք այդքան հարուստ չենք կադրերով, և ամբիոնի վարիչի գործն էլ, ի վերջո, վարչական աշխատանք չէ»,- ասաց ռեկտորի ժ/պ-ն:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հոդված 39-ի 1-ին կետը սահմանում է՝ պետությունը հանրային բուհում և գիտահետազոտական գիտական կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց` 70 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում, տալիս է ամենամսյա դրամական վճար` ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով. «Ես առաջարկում եմ, որ ամենամսյա դրամական վճարը հատկացնել ոչ թե 70 տարին, այլ կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում»:

Գեղամ Գևորգյանը չանդրադարձավ անցումային դրույթներին, քանի որ եթե ներկայացվող առաջարկություններն ընդունվեն, ապա այդ դրույթների մեծ մասն ավելորդ կդառնան, մյուս կողմից՝ եթե չընդունվեն առաջարկությունները, դրանք շատ վիճելի կլինեն:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի համար օրենքի նախագծի ամենավիճահարույցը հոդված 26-ն էր, որով սահմանվում է հանրային բուհի կառավարման խորհրդի ձևավորումը:

«Նախ վիճելի է, թե ինչու է տարբերություն դրվում ուսանող անդամի և ոչ ուսանող անդամի միջև. հատուկ շեշտվում է, թե ուսանողության ներկայացուցիչը երկու անգամ անընդմեջ չի կարող նշանակվել նույն բուհի կառավարման խորհրդի անդամ: Պետք է հստակ բոլորի համար գրել»,- հոդվածի վերաբերյալ առաջին դիտարկումը ներկայացրեց Գեղամ Գևորգյանը:

«Այս հոդվածը, ըստ էության, բուհի գործառույթների վերաբերյալ վերահսկիչ փաթեթ ունենալու մասին է: Բոլոր հիմնարկներում հիմնադիրն ունենում է վերահսկիչ փաթեթ, դա այդպես է: Այստեղ ևս դա իրագործելու համար, իմ կարծիքով, սխալ ձևով է իրականցվում: Ըստ էության՝ այդ փաթեթն այստեղ ռեկտոր ընտրելու համար է: Կարող եմ փաստել, որ համալսարանի 100 տարվա ընթացքում երբևէ ռեկտոր չի ընտրվել: Ես էլ չեմ ընտրվել, նախորդն էլ չի ընտրվել: Եվ դա բնական է՝ ըստ իս: Եթե կա հիմնադիր մարմին, ապա նա էլ պետք է նշանակի»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Նրա կարծիքով, բոլոր ռեկտորներն առաջին հերթին պետք է կայանան համալսարանական միջավայրում, որպեսզի կարողանան համալսարանն առաջ տանել. «Ես չեմ պատկերացնում ռեկտոր, որ պիտի գա, և համալսարանի կամքին հակառակ կարողանա ինչ-որ բան անել: Դրա համար առաջարկում եմ ռեկտորին նշանակել, բայց նա հաշվետու լինի խորհրդի առաջ»:

Խոսելով հոգաբարձուների խորհրդի կազմի մասին՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ այն պետք է բաղկացած լինի ոչ միայն ՈւԽ, այլև ՈՒԳԸ անդամներից, դասախոսական կազմը պետք է ներկայացված լինի 4 անդամով, իսկ կազմի մնացած մասը, որը պետք է նշանակի նախարարը, ըստ Գ. Գևորգյանի, պետք է բաղկացած լինի գործատուներից և համալսարանի նախկին վարչական աշխատակիցներից. «Անտեսել վերջիններիս փորձը և գիտելիքը, կարծում եմ, ճիշտ չէ: Ընդ որում՝ նրանք կարող են լինել այլ բուհերի աշխատակիցներ»:

«Եթե ռեկտորի ընտրության հարցը հանենք հոգաբարձուների խորհրդի գործառույթից, ապա կունենանք խորհուրդ, որն իսկապես կզբաղվի բուհի հարցերով: Ես գրեթե վստահ եմ, որ առաջարկս չի ընդունվի, բայց ազնվորեն ասացի իմ կարծիքը»:,- փաստեց Գեղամ Գևորգյանը:

Հոդվածի վերաբերյալ ԵՊՀ գիտխորհրդի նիստի ժամանակ ծավալվեց քննարկում, որի ընթացքում անդամները հայտնեցին իրենց մտահոգությունները,  դիտարկումները և առաջարկները, որոնք ևս կներառվեն միասնական դիրքորոշման մեջ: Մասնավորապես՝ քննարկվեց բուհի գործունեության ժամանակ հիմնադիր մարմնի ներգրավվածության հարցը, որը, ըստ Գեղամ Գևորգյանի, միանգամայն բնական է:

Այնուհետև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրեց ընդհանուր բնույթի դիտողություններ:

Նա մասնավորապես ասաց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, ինչպես օրենսդրական տեխնիկայի, այնպես էլ բովանդակային ասպեկտներով չի համապատասխանում սահմանադրությամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ամրագրված բազում առանցքային նորմերին:

«Այն լրջագույն աղերսներ ունի նաև միջազգային իրավական չափանիշների, ինչպես նաև միջազգային փորձի հետ: Օրինագիծը, ըստ էության, որևէ էական նորամուծություն չի բովանդակում՝ մեկ-երկու բացառություններով՝ ընդունելության կարգ և կառավարման առաջարկվող մոդել: Այն դեռևս տարիներ առաջ մշակվել և դարձել է մասնագիտական շրջանակում քննարկման առարկա, որի արդյունքներով պարզ էր դարձել, որ այն ոչ միայն իրավաչափ լուծումներ չի առաջադրում, այլև գոնե մասնակիորեն չի վայելում մասնագետների հավանությունը»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

Նա փոխանցմամբ, այդպիսի օրինակներից է օրինագծի 1-ին հոդվածի 3-րդ մասը, որը ոչ միայն չի համապատասխանում սահմանադրությամբ ամրագրված որոշակիության սկզբունքին (6-րդ հոդվածի 2-րդ մաս), այլև հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ իրավական կոլիզիաների դեպքերի համար սահմանված իրավակիրառման կանոններին (39-40-րդ հոդվածներ):

«Նույն հոդվածի 4-րդ մասը հավուր պատշաճի չի համապատասխանում սահմանադրությանը, բնորոշ է այն, որ նպատակների շարքում անգամ անտեսված է ակադեմիական ազատության երաշխավորման անհրաժեշտությունը: Փոխարենը՝ նախապատվությունը տրվել է հրապարակախոսական, մասամբ էլ՝ վերացական բնութագրիչներին՝ «ստեղծել արդյունավետ իրավական հենք», «բարձրացնել ուսումնական հաստատությունների հանրային պատասխանատվությունը» և այլն: Բացի դրանից՝ սահմանադրությամբ «անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը» ամրագրված է՝ որպես պետության քաղաքականության հիմնական նպատակ, որի մասին Օրինագծում ամրագրված նպատակների ցանկում անգամ ակնարկ չկա»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

Նրա փոխանցմամբ, հայեցակարգային ասպեկտով օրինագծում առկա է մեծ շփոթ, մասնավորապես՝ հաշվի չեն առնվում արդեն իսկ ձևավորված կրթական համակարգում ռեկտորների և այլ ստորաբաժանումների ղեկավարների կարգավիճակն ու առաքելությունը, ինչի արդյունքում նրանք արհեստականորեն նույնացվում են, այսպես կոչված, մենեջերների հետ, որոնք արհեստավարժ կառավարիչներ են զուտ կառուցակարգային կառավարման և ֆինանսատնտեսական հատվածի կազմակերպման ոլորտներում:

«Ինչ խոսք, սրանք չափազանց կարևոր ոլորտներ են, սակայն գիտակրթական հաստատության առանցքը բացառապես կրթության և գիտության բարդ համակարգերի կառավարումն է, որոնք ընդհանուր աղերսներ չունեն զուտ կառուցակարգային և ֆինանսատնտեսական ոլորտների հետ: Փոխարենը՝ ռեկտորը պետք է ձերբազատվի ընթացիկ վարչարարությունից և զբաղվի հիմնականում կրթական և գիտական ծրագրերի արդյունավետության բարելավմամբ: Օրինագծում այն անհիմն մեկնակետն է առաջադրվում, որ ռեկտորը և մյուս ստորաբաժանումների ղեկավարները պետք է շարունակեն զբաղվել ինչպես նշված հարցերով, այնպես էլ տնտեսավարությամբ ու վարչարարությամբ, ինչի արդյունքում էլ հանգել են այն հետևության, որ հարկ է սահմանել տարիքային սահմանափակումներ, որոնք բնորոշ են այդ գործառույթների իրականացմանը: Մինչդեռ հարկ է մտածել աշխատակազմի արդյունավետ կառավարման մասին, ոչ թե ռեկտորին ընկալել որպես աշխատակազմի ղեկավար: Ավելին՝ ռեկտորը նույնիսկ բուհի ակադեմիական (գիտական) խորհրդի նախագահ կարող է չլինել»,- մեկնաբանեց Գագիկ Ղազինյանը:

Նրա կարծիքով, սա խոսում է նաև երկակի ստանդարտների մասին, քանզի, օրինակ, հանրային ծառայության այն ներկայացուցիչներին, որոնք պատասխանատու են քաղաքականություն մշակելու համար, իսկ կրթական համակարգում հիշյալ ղեկավարները հենց քաղաքականություն մշակելու համար են կոչված, չի սահմանվում որևէ տարիքային սահմանափակում, մինչդեռ այդ քաղաքականությունն իրագործելու համար պատասխանատու հանրային ծառայողների համար սահմանվում են նշված սահմանափակումները:

«Հաջորդ հայեցակարգային խնդիրն այն է, որ ակնհայտ թերի է օրինագծի կարգավորման առարկայի շրջանակը, ներկայացված տեսքով այն պարզապես ունակ չէ ապահովելու իրավական կարգավորման համալիր ու ամբողջական որակները: Օրինագծի ողջ տեքստը միտված է գիտակրթական հաստատությունների իրավական կարգավիճակին, գործառույթներին և խնդիրներին, սակայն որևէ անդրադարձ չկա այն հարցադրումներին, թե թվարկված խնդիրներն ինչպես են իրագործվելու, ինչ կոնկրետ պարտավորություններ են սահմանվելու հանրային իշխանության մարմինների համար»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

Նա փաստեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերտառությունը, ինչպես նաև նախագծի կարգավորման առարկան ցույց են տալիս, որ մեկ իրավական ակտի շրջանակում փորձ է արվել միավորել բարձրագույն կրթության և գիտության ոլորտները. «Ներկայումս բարձրագույն կրթության և գիտության ոլորտները ունեն փոխկապակցվածության բարձր մակարդակ, սակայն, միևնույն ժամանակ, առանձին զարգացող և ինքնուրույն գործառող ոլորտներ են, որի արդյունքում դրանց միավորումը մեկ օրենքում արդարացված չէ»։

Գագիկ Ղազինյանի փոխանցմամբ, նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս վերջնականորեն ընկալելու նախագծի հեղինակների կողմից որդեգրված մոդելի հիմքում դրված տրամաբանությունը. «Նախագծում բացակայում է դրա հստակ ամրագրված նպատակը, նախագիծը կաղում է նաև համակարգվածության տեսանկյունից, այն ավելի շատ առանձին իրավակարգավորումների արհեստական համակցություն է, քան համակարգված և որոշակի տրամաբանությամբ կառուցված փաստաթուղթ»։

Նրա կարծիքով, նախագծի բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոլորտների միավորումը կրում է արհեստական բնույթ, քանի որ նախագծի առավել մեծ մասը նվիրված է բարձրագույն կրթության հատվածին, իսկ գիտության մասով, ըստ էության, կարգավորումները բավականին քիչ են և թերի։

Իրավագիտության ֆակուլտետի դեկանի հավաստմամբ, օրինագծի լրջագույն թերություններից է սահմանադրությամբ ամրագրված լիազորող նորմերի որոշակիության սկզբունքից ակնհայտ շեղման բազում դեպքերի առկայությունը: Հատկապես բնորոշ է այն, որ օրինագծում մեծ քանակ են կազմում այն նորմերը, որոնցում օգտագործված են «համապատասխան մարմիններ և կազմակերպություններ», «համապատասխան նորմատիվ իրավական ակտերը» և այլ նմանաբնույթ արտահայտությունները. «Բացի դրանից, նախագծում առկա է տերմինաբանական շփոթ՝ կապված գիտական աշխատող, ակադեմիական կազմ, դասախոս հասկացությունների իմաստի և դրանց կիրառման հետ»։

Նախագծի համաձայն՝ գիտական աշխատող է համարվում բուհում կամ գիտական կազմակերպությունում գիտահետազոտական աշխատանք իրականացնող և գիտական արդյունք ստեղծող անձը. «Նախ պետք է նշել, որ գիտահետազոտական աշխատանք եզրույթը նախագծում մեկնաբանված չէ, նախագիծն օգտագործում է նաև «գիտահետազոտական գործունեություն» եզրույթը և տալիս է դրա սահմանումը, սակայն պարզ չէ, թե արդյոք գիտահետազոտական աշխատանք և գիտահետազոտական գործունեություն եզրույթները նույնանում են»։

«Բացի դրանից՝ «գիտական աշխատող» հասկացության սահմանումից ստացվում է, որ բուհում գիտահետազոտական աշխատանք կատարող և գիտական արդյունք ստեղծող ցանկացած անձ կհամարվի գիտաշխատող։ Բայց չէ՞ որ ակադեմիական պաշտոն զբաղեցնող անձը ևս կարող է զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ և դրա արդյունքում չի կարող համարվել գիտական աշխատող։ Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գիտական աշխատողը միանշանակորեն չի մտնում ակադեմիական կազմի մեջ։ Նախագիծն օգտագործում է նաև դասավանդող կազմ եզրույթը, սակայն չի տալիս դրա սահմանումը. արդյո՞ք այն նույնանում է ակադեմիական կազմի հետ, թե դրա մաս է կազմում»,- ասաց Գագիկ Ղազինյանը։

Նրա փոխանցմամբ, նախագծի 5-րդ հոդվածը չունի նորմատիվային կարգավորում, անհասկանալի է դրա նորմատիվային բեռը, այն ավելի շատ նախագծի՝ այս տեսքով ընդունման հիմնավորում է, հիշեցնում է նախընտրական ծրագրային փաստաթուղթ. «Այն արմատապես հարկ է վերանայել և փորձել հստակ սահմանել այն իրավական հիմքերը, որոնք պետք է կարգավորեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ինտեգրման պետական քաղաքականությանն առնչվող հարաբերությունները: Եվ ընդհանրապես, նախագիծը խիստ ծանրաբեռնված է տարաբնույթ նպատակներով և խնդիրներով, որոնք չունեն նորմատիվային հիմք և ծանրաբեռնում են նախագիծը։ Ավելին, եթե սահմանվում են այսքան շատ նպատակներ, խնդիրներ և գործառույթներ, ապա անհրաժեշտ է ապահովել նպատակ-խնդիր-գործառույթ-լիազորություն միասնական շղթայի տրամաբանական հաջորդականությունը։ Այսինքն՝ որքանով են դրված խնդիրները օգնում հասնելու սահմանված նպատակներին, որքանով են գործառույթները լուծում խնդիրները, և արդյոք սահմանված լիազորությունները համապատասխանում են գործառութային բովանդակությանը»:

Գ. Ղազինյանի հավաստմամբ, նախագծում նշված սկզբունքը չի պահպանվել, ավելին՝ նպատակներն ու խնդիրները շատ դեպքերում միահյուսված են, իսկ որոշ դեպքերում խնդիրները չեն համապատասխանում հետապնդվող նպատակներին, իսկ նպատակները՝ սկզբունքներին։

Նրա դիտարկմամբ, բավականին մտահոգիչ է օրինագծով առաջարկվող հանրային բուհի կառավարման մոդելը, քանի որ  այն տանում է ոչ թե ակադեմիական ազատություններից բխող ինքնավարության ու ինքնակառավարման, այլ գործադիր բյուրոկրատական կառավարման մարմիններից կախվածության ու կենտրոնացման, ինչը հղի է լրջագույն վտանգներով:

«Առաջարկվող մոդելը ուղղահայաց կառավարման համակարգ է, որը, փաստացի, հնարավորություն է տալիս լիազոր մարմնին նշանակելու ընդհուպ դեկաններին։

Օրինագծով առաջարկվում է հանրային բուհի կառավարման խորհրդի այնպիսի կազմ, որում առնվազն 6-ը, այսինքն՝ ուղիղ կեսը պետք է լինեն համապատասխան նախարարի ներկայացուցիչներ: Սա համահունչ չէ միջազգային փորձին, մասնավորապես պետական բուհերում երբեք կառավարության ներկայացուցիչները չեն կազմում խորհրդի կեսը, պարզապես ապահովվում է որոշակի խելամիտ ներգրավվածություն՝ կառավարության քաղաքականությունը ներկայացնելու և վերահսկողություն ապահովելու նկատառումով: Առավել ևս բացառվում է, որ այդ անդամներից որևէ մեկը լինի խորհրդի նախագահ»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

Նրա փոխանցմամբ, նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհուրդը գործում է 5 տարի ժամկետով, որի կազմը հաստատում է համապատասխան լիազոր մարմինը. «Լիազոր մարմինը և՛ նշանակում է խորհրդի անդամների կեսին, և՛ հաստատում է կազմը: Նախկինում, ինչպես հիշում եք, համալսարանի կառավարման խորհուրդը կազմված էր 72 (ի տարբերություն մնացած բուհերի) անդամներից, որոնք համամասնաբար ընտրվում էին Կառավարության, լիազոր մարմնի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կողմից: Հետագայում՝ հիմնադրամ դառնալուց հետո, կազմը դարձավ 32՝ նույն համամասնությամբ, այսօր արդեն 12, և այստեղ բացակայում է կառավարության մասնակցությունը»:

«Նշված կարգավորումը նախատեսում է պետական միջամտություն բուհի ինքնավարության մաս կազմող ինքնակառավարման գործառույթի իրացմանը։

Միաժամանակ, նախագիծը չի կարգավորում այն հարցը, թե արդյոք լիազոր մարմինը կարող է չհաստատել բուհի կառավարման խորհրդի կազմը, թե հաստատելը նրա պարտականությունն է»,- ասաց Գ. Ղազինյանը։

Բացի դրանից, ըստ նրա, էականորեն նվազեցվել է կառավարման խորհրդի անդամների թիվը՝ ընդամենը տասներկու հոգի. «Ընդ որում՝ խորհրդի անդամների կեսին նշանակում է լիազոր մարմինը, ինչը ևս ուղղակի միջամտություն է բուհական ինքնավարությանը։ Մասնավորապես՝ նախագիծը չի կարգավորում խորհրդում որոշումների ընդունման կարգը, ինչը ենթադրում է, որ դա թողնված է բուհի կանոնադրությանը, որի արդյունքում, եթե բուհի կանոնադրությամբ չնախատեսվեն որոշումների ընդունման այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն անդամների կեսի քվեարկելու դեպքում որոշումների ընդունումը, ապա ստացվում է, որ լիազոր մարմինը էականորեն ազդելու է որոշումների ընդունման գործընթացի վրա»։

Օրենքի նախագծի քննարկման ընթացքում մասնակիցների ուշադրության առանցքում էր նաև հոդված 36-ի 6-րդ կետը, որը սահմանում է՝ ՀՀ կառավարությունն իր կողմից տրամադրվող ուսանողական կրթաթոշակները բուհին է հատկացնում յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և կրթական ծրագրերի: Ուսանողական կրթաթոշակ ստացած ուսանողը այն ստանում է տվյալ մակարդակում կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և կարող է դրանից զրկվել չորս կիսամյակ (բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակների դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսից պակաս ունենալու դեպքում: Ինչը նշանակում է, որ վերանում է ռոտացիոն մեխանիզմը:

Անդրադառնալով այլ հարցերի և ներկայացնելով դիտարկումներ՝ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշեց բացասական կարծիք ներկայացնել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին