Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Մարալիկի մանկապարտեզի բացմանը

03 Հոկտեմբեր, 2019 21:22
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Մարալիկի մանկապարտեզի բացմանը

ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 3-ին Մարալիկ քաղաքում ներկա է գտնվել համայնքի միակ մանկապարտեզի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են առաջին տիկնոջ գրասենյակից: Տոնական միջոցառմանը, որը մեկնարկել է Մարալիկի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Հակոբյանի օրհնությամբ, ներկա են գտնվել շվեյցարահայ գործարար, հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ, «Ազատ դեղագործական» ընկերության նախագահ Մայք Բարոնյանը, տիկնոջ՝ Ռոմի Բարոնյանի հետ, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, շվեյցարահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մանկապարտեզի սաները և նրանց ծնողները։ Մանկապարտեզի վերանորոգումն ու կահավորումն իրականացվել է Մայք և Ռոմի Բարոնյանների նախաձեռնությամբ, «Օգնություն Հայաստանին» շվեյցարական հիմնադրամի նախագահ Ռոլեր Նեֆի, շվեյցարահայ գործարար, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշի աջակցությամբ։

Ողջույնի խոսքում Ռոմի Բարոնյանը հիշում է, որ երբ 2018-ին առաջին անգամ այցելել է Մարալիկ՝ մանկապարտեզը փակ էր։

 

«Շատ ցուրտ էր, և երեխաները պետք է ձմռանը տանը մնային, և չնայած արևոտ օր էր, մանկապարտեզի շենքը շատ անմխիթար տեսք ուներ։ Ես այնքան հուզված էի, որ որոշեցի այստեղ մի նախագիծ սկսել։ «Օգնություն Հայաստանին» հիմնադրամը միանգամից համաձայնվեց աջակցել, և Մարալիկի համայնքապետարանը նույնպես համաձայնվեց, որ մենք վերանորոգենք մանկապարտեզը։ Եվ մենք աշխատանքները սկսեցին նույն թվականի հունիսին։ Բոլորն էլ հրաշալի աշխատանք են կատարել, և մենք ուրախ ենք այդ աշխատանքի արդյունքներով»,- ասաց Ռոմի Բարոնյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին