Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանն ուներ ու ունի քաղաքական մոտիվացիա

03 Հոկտեմբեր, 2019 19:37
Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանն ուներ ու ունի քաղաքական մոտիվացիա

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը չի կարող զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ուներ ու ունի քաղաքական մոտիվացիա, որն ամենևին Հայաստանի շահն ու ՍԴ-ի անկախության շահը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծի քննարկմանը: Որպես ԱԺ նախագահ, Միրզոյանը նախ ողջունեց «Իմ քայլը» խմբակցության՝ իր գնահատմամբ զուսպ, հավասարակշիռ ձևակերպումներով լի նախաձեռնությունը: Միրզոյանը շեշտեց, որ իր ավելացումներն և իր ձևակերպումներն ունի այդ նախագծի համար: Նրա կարծիքով՝ երկու տասնամյակից ավել ՀՀ-ում զանգվածաբար ապօրինի ազդեցություններ են գործադրվել ընտրական գործընթացների նկատմամբ:

«Կասկած կա, որ ընտրությունների ընթացքում կամ զուգահեռ փորձ է արվել տապալել սահմանադրական կարգը: Եվ այդ մասին մենք հիմա ունենք դատավարություն: Այդպիսի ընտրությունների արդյունքում ձևավորվել է համակարգ, որտեղ ամբողջ տնտեսությունը կենտրոնացված է եղել մի քանի ընտանիքների ձեռքին, և արհեստական խոչընդոտներ են առաջացել այլ տնտեսվարողների համար, ըստ էության ազատ շուկա չի եղել: Այդ ընտրությունների արդյունքում ձևավորված համակարգում թալանվել, մսխվել են հանրային միջոցները, բյուջեն՝ ընդ որում նաև բանակից: Եվ սրա վերաբերյալ կասկածանքներով ընթանում են քրեական գործեր»,-ասաց Միրզոյանն ու նշեց, որ այդ համակարգին, այսպես ասած, սատարողներից մեկն էլ եղել է Հրայր Թովմասյանը:

Միրզոյանը միևնույն ժամանակ նկատեց, որ դա քաղաքական բարոյական առումով գուցե բավարար է, որ Թովմասյանն այլևս չկարողանա լինել ՍԴ նախագահ, սակայն գործող իրավական կարգավորումների պայմաններում՝ թերևս ոչ: ԱԺ նախագահը նկատեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ և ապա նախագահ է ընտրվել հապճեպորեն:

«35 տարի ժամկետով ՍԴ նախագահ է դառնում մի մարդ, որը եթե մի քանի օր հետո ընտրվելու լիներ, պետք է ընտրվեր 12 տարի ժամկետով»,-ասաց Միրզոյանն ու սա Սահմանադրության խախտում համարեց:

ԱԺ նախագահը նշեց՝ Թովմասյանի քաղաքական անցյալը չի բացառում ՍԴ նախագահ լինելու նրա հնարավորությունը: Նա նշեց՝ խոսքը աֆիլացվածության մասին չէ, խոսքը քաղաքական շարժառիթների, մոտիվացիայի մասին է: Միրզոյանի կարծիքով՝ Թովմասյանն ունեցել է հստակ քաղաքական մոտիվացիա, և այդ մոտիվացիան ամենևին չի եղել ՀՀ շահը կամ ՍԴ-ի անկախությունը պահպանելը: Նրա կարծիքով՝ այդ մոտիվացիան եղել է նախկին իշխանության ժամանակ եղած հանցագործությունները կոծկելը:

«Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանը ուներ և ունի քաղաքական մոտիվացիա և հետևաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ: Նա կարող է լինել քաղաքական գործիչ, կարող է գլխավորել մի ընդդիմադիր կուսակցության, որն ամենադաժան քննադատության կենթարկի մեզ: Նա կարող է, ըստ էության, զբաղվել օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ: Մենք ի վերջո ազատ երկրում ենք ապրում, սակայն նա ՍԴ նախագահ լինել չի կարող: Նա այդ շանսն ուներ ու կորցրել է»,-ասաց Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին