Կարևոր իրադարձություններ

Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանում. Արմեն Սարգսյան

02 Հոկտեմբեր, 2019 17:04
Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանում. Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով ռուսաստանցի մեր հայրենակիցներին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Կարեւոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանի Դաշնությունում»:

 

Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է նախագահական հատուկ նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, Մատենադարանը հին ձեռագրերի ուսումնասիրման եւ պահպանման միջազգային կենտրոն դարձնելու եւ «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունները, ինչպես նաեւ խոսել Գյումրու վերականգնմանն աջակցելու իր ծրագրերի մասին:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հանդիպման համար եւ ներկայացրել Հայաստանում եւ Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները:

Այնուհետեւ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին