Կարևոր իրադարձություններ

Պետք չէ մանիպուլատիվ ճնշումների ենթարկվել. Արման Աբովյանը՝ ԲՀԿ խմբակցության որոշման մասին

02 Հոկտեմբեր, 2019 16:15
Պետք չէ մանիպուլատիվ ճնշումների ենթարկվել. Արման Աբովյանը՝ ԲՀԿ խմբակցության որոշման մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագծի քվեարկությանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Shabat.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ որոշումը բացառապես իրավական է.

«Հաշվի առնելով դրույթների թուլությունը և փաստաթղթի՝ ոչ լիարժեք լինելը, որոշում է ընդունվել չմասնակցել քվեարկությանը։ Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ապա 2017 թվականին մենք արդեն արտահայտել էինք մեր դիրքորոշումը, երբ դեմ էինք քվեարկել ՍԴ նախագահի պաշտոնում նրա նշանակմանը։ Այն փաստարկները, որոնք մենք բերել էինք 2017-ին, այսօր իշխանությունը փաստացի կրկնում է։ Մենք պետք է նայենք իրավիճակի իրավական կողմերը, սա մանկապարտեզ չէ։ Մենք հիմնվում ենք մեր իրավաբանների կողմից բերված փաստարկներին։Սա կարևորագույն փաստաթուղթ է: Եթե այն թերի է, մենք ինչպես կարող ենք դրա վերաբերյալ կարծիք հայտնել»,-նշեց Աբովյանը։

Անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, թե սա քաղաքական որոշում է, ԲՀԿ քարտուղարը պնդեց․

«Ինձ համար շատ զարմանալի էր, որ ոմանք ցնցումների մեջ ընկան և սկսեցին ինչ-որ ստատուսներ համացանցում գրել։ Խորհուրդ կտամ պարզապես ավելի ուշադիր ուսումնասիրել փաստաթուղթը և պահել կոռեկտության սահմանները: Պետք չէ մանիպուլատիվ ճնշումների ենթարկվել»։

Արման Աբովյանը հավելեց, որ իրենք դիտարկել են և շարունակելու են դիտարկել բոլոր գործընթացները, որոնք համապատասխանում են հանրապետության իրավական սահմաններին:

Հիշեցնենք, որ օրերս իշխող «Իմ քայլը»խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը:

 

Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին